11:24 | 13.12.24 | Նորություններ | 2980
Team ընկերությունների խումբը հայտարարել է Իռլանդիայի հեռահաղորդակցության օպերատորներից մեկի՝ Imagine Broadband ընկերության բաժնետոմսերի վերահսկող փաթեթի ձեռքբերման մասին։
Գործարքը կնքվել է խոշորագույն միջազգային ներդրումային Brookfield Corporation-ի հետ, որը շարունակում է ընկերությունում գործել որպես փոքրամասնական բաժնետեր։
Imagine-ը ֆիքսված ձայնային կապի եւ անլար լայնաշերտ ինտերնետի ծառայություններ է մատուցում Իռլանդիայի ողջ տարածքում։
«Սա մեր առաջին խոշոր գործարքն է Եվրոպայի տարածքում եւ նշանակալի ձեռքբերում է հետագա զարգացման համար։ Որպես հայկական ընկերություն՝ մենք հպարտ ենք, որ ընդլայնում ենք բիզնեսի շրջանակները եւ բացում նոր հեռանկարներ, որոնք նաեւ կնպաստեն երկրի տնտեսության զարգացմանը՝ Հայաստանն առավել ճանաչելի դարձնելով միջազգային բիզնես միջավայրում»,- ասել է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։
Գործունեության մեկնարկից ի վեր Imagine-ը կիրառում է բոլոր ժամանակակից տեխնոլոգիաները նույնիսկ Իռլանդիայի ամենահեռավոր բնակավայրեր արագ եւ հուսալի ինտերնետի հասանելիություն ապահովելու համար։ Այժմ ընկերությունը խոշոր ներդրումներ է կատարում օպտիկամանրաթելային ցանցերում։
Imagine-ի նոր ղեկավար է նշանակվել հեռահաղորդակցության եւ բիզնեսի ոլորտում ավելի քան քսան տարվա փորձ ունեցող Նայլ Թալլոնը։ Նրա խոսքով՝ Team ընկերությունների խմբի այս ներդրումը Imagine-ի պատմության մեջ հետաքրքիր նոր էջ է բացում։
«Մենք արդեն սկսել ենք աշխատել մեր թիմի եւ շուկայի գործընկերների հետ՝ ընդլայնելու մեր հասանելիությունն ու առաջարկները եւ երկրով մեկ տրամադրելու ավելի արագ ինտերնետ եւ նորարարական լուծումներ»,-նշել է նա։
Սա Team ընկերությունների խմբի արդեն երկրորդ միջազգային գործարքն է, որը բխում է Խմբի ռազմավարական նպատակներից՝ զարգացնել հայկական բիզնեսը եւ ամրապնդել Հայաստանի դերը հեռահաղորդակցության ոլորտում։
2023 թվականին Team ընկերությունների խումբը ձեռք էր բերել նաեւ վրացական SkyTel ընկերության բաժնետոմսեր Հայաստան մտնող ինտերնետ ուղիները դիվերսիֆիկացնելու եւ ինտերնետի հուսալիության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելու համար։ Այսկերպ Team ընկերությունների խումբը նախադրյալներ է ստեղծել Team Telecom Armenia-ի՝ որպես տարածաշրջանային օպերատոր, իր դիրքն էականորեն ամրապնդելու համար։
Թիմ ընկերությունների խմբին են պատկանում նորարարական, ինժեներական ու տեխնոլոգիական լուծումներ առաջարկող Team Telecom Armenia, Team Systems, Team Solutions, TeamPay ընկերությունները, ինչպես նաեւ Buy.am առցանց մոլը։