17:57 | 12.12.24 | Նորություններ | 3204

Team Telecom Armenia-ն ապագա ներդրողներին է ներկայացրել Կայուն զարգացման պարտատոմսերը

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia), հանձն առնելով շրջակա միջավայրի վրա գործունեության ազդեցությունը նվազեցնելու պարտավորություն, թողարկել է Կայուն զարգացման պարտատոմսեր։

Ընկերությունը հատուկ միջոցառման ժամանակ ապագա ներդրողներին է ներկայացրել բիզնեսի շարունակական ընդլայնմանն ուղղված իր ծրագրերը եւ պարտատոմսերի թողարկման մանրամասները։  

Ընկերությունը թողարկել է դոլարային եւ դրամային պարտատոմսեր ընդհանուր $75 միլիոն ծավալով։ Ներգրավված միջոցներն ուղղվելու են ընկերության ռազմավարական առանցքային ուղղությունների զարգացմանը, մասնավորապես, բջջային ու ֆիքսված ցանցերի, Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ենթակառուցվածքի ընդլայնմանը, ինչպես նաեւ վարկերի ամբողջական վերաֆինանսավորմանը։

Ողջունելով հյուրերին՝ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է, որ սա վճռորոշ է Հայաստանի հեռահաղորդակցության ենթակառուցվածքների արդիականացման ու դեպի կայուն թվային ապագա անցնելու համար։

«Այս պարտատոմսերի թողարկումը եւս մեկ համարձակ քայլ է, որն իրականացնում ենք ֆինանսական եւ հեռահաղորդակցության ոլորտներում։ Սա ինչպես ներդրում անելու եւ խնայողություններն արդյունավետ օգտագործելու, այնպես էլ երկրի տելեկոմ ոլորտի զարգացմանը մասնակից դառնալու հնարավորություն է»,-ասել է նա։

Առաջին սերիայի դոլարային պարտատոմսերի անվանական ծավալը $45 միլիոն է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ $100, արժեկտրոնային տոկոսադրույքը՝ 7.95%, շրջանառության ժամկետը՝ 60 ամիս։ Երկրորդ սերիայի դոլարային պարտատոմսերի անվանական ծավալը $20 միլիոն, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ կրկին $100, արժեկտրոնային տոկոսադրույքը՝ 7.85%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։

Դրամային պարտատոմսերի անվանական ծավալը 3.9 միլիարդ դրամ է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 հազար դրամ,  արժեկտրոնային տոկոսադրույքը`11.5%, շրջանառության ժամկետը՝ 60 ամիս։ Բոլոր սերիաների պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի մինչեւ 2024թ. դեկտեմբերի 18-ը։

Կայուն պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնում է Ամերիաբանկը։

«Team Telecom Armenia-ի՝ Կայուն զարգացման հետ կապված պարտատոմսերի թողարկումն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում։ Այն էական նշանակություն ունի բնապահպանական, սոցիալական եւ կորպորատիվ կառավարման հետ կապված խնդիրներն ընդգծելու եւ դրանց լուծմանն ուղղված միջացառումներ իրականացնելու տեսանկյունից։ Այն կարեւոր է նաեւ ներդրողների համար, քանի որ ընձեռում է այս կարեւոր առաքելության իրագործմանը մասնակցություն ունենալու բացառիկ հնարավորություն»,- ասել է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ, Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

Պարտատոմսեր ձեռք բերել հնարավոր է MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով, կամ այցելելով Ամերիաբանկի որեւէ մասնաճյուղ եւ լրացնելով հայտ-հանձնարարականը, կամ ուղարկելով լրացված հայտ-հանձնարարականի ձեւը Ամերիաբանկի էլ. հասցեին՝ capitalmarkets@ameriabank.am։

Միջոցառմանը ներկա էին Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գաստյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների, ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Team Telecom Armenia-ի գործընկերները, բաժնետերերն ու թիմակիցները։

Վերջին երկու տարվա ընթացքում միջազգային ստանդարտներին համապատասխան բնապահպանական կառավարման համակարգ ներդնելու արդյունքում ընկերությունը էականորեն նվազեցրել է իր գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ պարտավորվելով մինչեւ 2029 թվականը կրճատել արտանետումները 40%-ով։

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2024 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ: Պարտատոմսերի տեղաբաշխողն է «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲ ընկերությունը։ Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ազդագրի էլեկտրոնային տարբերակին եւ պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարությանը կարելի է ծանոթանալ այստեղ։ Թողարկողի եւ առաջարկվող պարտատոմսերի բոլոր մանրամասները, ինչպես նաեւ դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում: