14:42 | 19.11.24 | Նորություններ | 11689

Ucom-ի 5G ցանցը գործարկվել է 11 նոր քաղաքում

Ucom-ը հայտարարել է 5G ցանցի գործարկման երկրորդ փուլի ավարտի մասին․ այժմ նոր ցանցը գործում է Ախթալա, Բերդ, Իջեւան, Մարալիկ, Մարտունի, Սեւան, Սիսիան, Տաշիր, Թումանյան, Ալավերդի եւ Ջերմուկ  քաղաքներում։

Այսպիսով, ընկերության 5G ցանցն արդեն հասանելի է 20 մարզային քաղաքներում։

Ucom-ի համար ենթակառուցվածքների արդիականացումը վերջին տարվա առաջնահերթություններից է եւ շարունակելու է առաջնահերթություն մնալ մոտակա ապագայում։ Այս ծրագրի նպատակն է ապահովել ավելի բարձր արագություն եւ հուսալի կապ ընկերության բաժանորդների համար։

5G տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ավելի արագ եւ արդյունավետ իրականացնել տվյալների փոխանակումը։

«Մենք արդեն մեկ տարի է ինչ անդադար աշխատում ենք մեր ցանցն արդիականացնելու ուղղությամբ, եւ շատ հպարտ ենք հայտարարել եւս 11 քաղաքում 5G ցանցի գործարկման մասին։ Սա մեծ ձեռքբերում է Ucom-ի մասնագետների համար եւ մեծ հնարավորություն մեր բաժանորդների համար, քանի որ մեր ժամանակներում որակյալ կապը կարեւոր հանգամանք է Հայաստանում թվային փոխակերպման եւ տեխնոլոգիական զարգացման համար։ Մեր բաժանորդների կարիքները միշտ մեր ուշադրության կենտրոնում են, եւ խոստանում ենք, որ շարունակելու ենք մեր ծառայությունների որակը լավացնել ամեն օր», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նոր արագ ինտերնետից կարող են օգտվել շարժական կապի կանխավճարային, հետվճարային եւ կորպորատիվ սակագնային պլանների բոլոր բաժանորդները (բացառությամբ շարժական ինտերնետի սակագնային պլանների)՝ 5G ցանցի հետ համատեղելի, Android կամ iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնով: Այս պահին ակտիվ աշխատանքներ են տարվում Samsung ընկերության հետ 5G հասանելիության ակտիվացման ուղղությամբ Samsung  սմարթֆոններում եւս։

Նշենք որ, 5G ծածկույթի ընդլայնումը շարունակական է լինելու եւ  Ucom-ը պարբերաբար տեղեկացնելու է նոր քաղաքների ընդգրկման մասին։ Հասանելիություն ունեցող քաղաքների ցանկի, ինչպես նաեւ նոր սերնդի ցանցի մասին ավելի մանրամասն տեղեկություններ   կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում։