15:34 | 31.10.24 | Նորություններ | 1112

Viva-ն աջակցում է աուտիզմ ունեցող երեխաների խնդիրներով զբաղվող «Իմ ուղին» կենտրոնին

Viva-ն երկար տարիներ աջակցում է աուտիզմ ունեցող երեխաների խնդիրներով զբաղվող «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական եւ մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնին:

19-ամյա Դավիթ Ղազարյանը «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական եւ մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնի սաներից է: Նրա բացառիկ ունակություններն այս կենտրոնում բացահայտել են, երբ նկատել են՝ նա ինչպես է երգերն անսովոր արագությամբ յուրացնում եւ նմանակում:

Աուտիկ սպեկտրի խնդիրներ ունեցող երեխաներն ու դեռահասներն այստեղ հատուկ, տարիքային, լավագույն փորձի վրա հիմնված թերապիա եւ մասնագիտական ուսուցում են անցնում: Կենտրոնն ունի իր կարգախոսը՝ «Ես ձեզ նման չեմ, ես ձեզնից մեկն եմ»: Այստեղ ստեղծվում են նրանց հետագա զարգացման եւ հասարակության մեջ ինտեգրվելու հիմքեր՝ աշխատանքի հետագա հնարավորություններով:

«Յուրաքանչյուր հաջողված պատմություն մեզ համար մեծ հաղթանակ է: Մենք բազում հաջողված պատմություններ ունենք: Դա, իհարկե, մեր մասնագետների քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, բայց, այնուամենայնիվ, առանց աջակցության այն չէր կարող լինել: Ուզում եմ կարեւորել Viva-ի աջակցությունը, որը շարունակական է, ունի երկար տարիների պատմություն: Այս աջակցությունն արդեն միայն նյութական աջակցություն չէ, այն սիրո եւ հոգատարության դրսեւորում է», - ասել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամի տնօրեն Լիլիթ Աթաջանյանը:

Viva-ն 18 տարվա ընթացքում ներդրել է ավելի քան 251 մլն դրամ: «Իմ ուղին» իր աշխատանքն սկսել է 2006 թվականին՝ 5 մասնագետի հետ աջակցելով 5 ընտանիքի: Այսօր կենտրոն է հաճախում 200 երեխա, եւս 12-ը միացել է Արցախից: 60 մասնագետ իրականացնում է կրթաբուժական համալիր ծրագիր, որը ներառում է խոսքի զարգացում, արվեստ, ավազաթերապիա եւ շատ ավելին: