12:16 | 31.10.24 | Նորություններ | 1428

2025-ին Seaside Startup Summit-ը նոր ուղղություններ կունենա

2025 թվականին Sevan Startup Summit եւ Seaside Startup Summit UAE նախագծերի կողքին կարող են հայտնվել նոր ուղղություններ։

«2024 թվականի մեր հաջող անցկացրած միջոցառումներից հետո ունենք լավ հնարավորություն 2025 թ-ին իրականացնելու միջազգային այն նախագծերը, որոնք վաղուց նախատեսել էինք։ Բացի ամենամյա դարձած երկրներից՝ ԱՄԷ-ից եւ Հնդկաստանից, 2025-ին ունենք նաեւ մի քանի նոր ուղղություն, ինչպիսիք են Շվեյցարիան եւ Իսպանիան, որոնց շուրջ արդեն իսկ տարվում են ինտենսիվ աշխատանքներ», - նշել է «Սիսայդ Ստարտափ Սամմիթ» նախագծի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը։

Կազմակերպիչների խոսքով՝ նոր տարածաշրջաններում Seaside Startup Summit-ների անցկացումը ունենում է կարեւոր ազդեցություն հայկական ստարտափ էկոհամակարգի ճանաչման եւ ստարտափների համար ներդրումային հեռանկարներ ստեղծելու հարցում։

Հատկանշական է, որ արտասահմանյան սամմիթների մասնակից ձեռներեցները, մենտորներն ու բանախոսներն իրենց հերթին ցանկություն են հայտնում գալ Հայաստան եւ մասնակցել Sevan Startup Summit-ին։

2025 թվականին Sevan Startup Summit ամենամյա վրանային բիզնես ֆորումը տեղի կունենա հուլիսի 20-ից 26-ը արդեն հայտնի դարձած տարածքում։ Փառատոնն այս անգամ եւս մեկ հարկի տակ կհավաքի երիտասարդ ստարտափերների, մենտորների եւ ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից։

2025 թվականի սամմիթը բացի ստարտափների կրթական ծրագրերից, իր մեջ կպարունակի տարբեր ինդուստրիաների մասնակցությամբ կոնֆերանսներ եւ միջոցառումներ։ Այս պահին կազմակերպչական թիմի կողմից աշխատանքներ են տարվում նաեւ սամմիթի նոր մասնակցային խմբերի ձեւավորման ուղղությամբ։

«Փորձելու ենք 2025 թվականի միջոցառման կրթական ծրագիրն ավելի ընդլայնել եւ բարելավել։ Այս տարի նախատեսում ենք ավելացնել առանձին մասնակցային խմբեր, ինչպիսիք են դեռահասները եւ ուսանողները Հայաստանի առաջատար բուհերից, որպեսզի այդ տարիքից զբաղվենք նրանց ձեռնարկատիրական կրթության զարգացմամբ։ Այս քայլերով նպատակ ունենք Սեւան Ստարտափ Սամմիթը դարձնել պլատֆորմ ոչ միայն արդեն ձեւավորված ստարատափ ընկերությունների համար, այլ ստեղծել հնարավորություն երիտասարդների եւ դեռահասների համար, որոնք սամմիթից հետո կկարողանան ձեւավորել ստարտափ պրոեկտներ եւ հաջողել»,- նշել է «Սիսայդ Ստարտափ Սամմիթ» նախագծի տնօրեն Վահագն Ռափյանը։

Մինչ օրս Seaside Startup Summit նախագծի 11 միջոցառումներին ներգրավվել են մոտ 45 000 մասնակից՝ աշխարհի շուրջ 60 երկրից: Ավելի քան 1500 ստարտափ ընկերություններից շատերը գրանտային մրցանակներ են ստացել շուրջ 500 000 ԱՄՆ դոլարի հասնող մրցանակային ֆոնդից։ Նախագծի շրջանակում կատարված ներդրումների եւ ներդրումային պայմանավորվածությունների ընդհանուր թիվը գերազանցում է 5 միլիոն ԱՄՆ դոլարը։