Միլանում հոկտեմբերի 14-18-ն ընթանում է «Տիեզերագնացության միջազգային 75-րդ համաժողովը» (International Astronautical Congress – IAC 2024), որը կազմակերպել է «Տիեզերագնացության միջազգային ֆեդերացիան»։
Ավելի քան 70 տարվա պատմություն ունեցող այս կազմակերպությունը համախմբում է տարբեր երկրների ազգային տիեզերական գործակալությունների, ոլորտային ընկերությունների, ինչպես նաեւ փորձառու եւ երիտասարդ մասնագետների։
«Պատասխանատու տիեզերական գործունեություն՝ հանուն կայունության» խորագրով համաժողովի ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է միասնական տաղավարով՝ ներկայացնելով 4 ընկերություն։
photo © ՀՀ ԲՏԱՆ
Սա հնարավորություն է Հայաստանի տիեզերական, ՏՏ եւ բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների համար՝ ծանոթանալու տեխնոլոգիական վերջին զարգացումներին եւ համագործակցային նոր կապեր հաստատելու։
Համաժողովի ծրագիրը ներառում է թեմատիկ քննարկումներ, սեմինարներ եւ նիստեր, որոնց մասնակցում են առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարբեր պետությունների տեխնոլոգիական ոլորտը համակարգող պետական պաշտոնյաներ։
photo © ՀՀ ԲՏԱՆ
Միջոցառումը եզակի հարթակ է տիեզերագնացության եւ հարակից տեխնոլոգիական ոլորտների ընկերությունների համար՝ ցուցադրելու իրենց լավագույն լուծումները, ստեղծելու համագործակցության նոր հնարավորություններ եւ հաստատելու կապեր հայտնի գործիչների եւ որոշումներ կայացնողների հետ։