12:09 | 18.10.24 | Նորություններ | 13161
Հոկտեմբերի 7-11-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվել է միջազգային ամենահեղինակավոր Միջազգային CMC համաժողովը՝ հայաստանյան խորհրդատվական եւ գործարար համայնքի կարեւորագույն իրադարձություններից մեկը։
Ավելի քան 150 մասնակից եւ խորհրդատու 30 երկրից ժամանել էին Հայաստան՝ քննարկելու խորհրդատվական ոլորտի նորամուծությունները եւ առաջնահերթությունները։
Համաժողովի ընթացքում Հայաստան են այցելել ավելի քան 30 ներկայացուցիչ եւ 35 հյուր ու խոսնակ տարբեր երկրների առաջատար խորհրդատվական ընկերություններից։
«Համաժողովի հաջողությունն ակնհայտ է, եւ ես հատկապես կարեւորում եմ այն, որ Հայաստանում անցկացվեց այսպիսի հեղինակավոր միջոցառում։ Համաժողովի ընթացքում ձեւավորվեցին մի շարք կարեւոր գործընկերային պայմանավորվածություններ, որոնք ապագայում կունենան էական ազդեցություն մեր երկրի խորհրդատվական եւ գործարար համայնքների զարգացման վրա։ IMC Armenia-ի տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել նաեւ ավելի քան 45 պատվիրակներ, եւ միջազգային խորհրդի կողմից Հայաստանում անցկացված խորհրդատվական կոնֆերանսը գնահատվեց որպես լավագույնը»,- ասել է IMC Armenia-ի գործադիր տնօրեն Սիլվա Մեսրոպյանը։
Ucom ընկերությունը CMC համաժողովի տեխնոլոգիական գործընկերն էր։ Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը համաժողովում հանդես է եկել որպես խոսնակ՝ «Տեխնոլոգիական առաջընթացը եւ կայուն շրջակա միջավայրը» թեմայի շուրջ։ Միջազգային CMC համաժողովն ընդգրկում էր թեմաների լայն շրջանակ՝ ուղղված տեխնոլոգիաների, կայունության եւ բիզնեսի վերափոխմանը:
«Շատ ուրախալի է տեսնել, որ կայուն զարգացման թեման Հայաստանում լուրջ քննարկման առիթ է դառնում, առավել եւս այսպիսի միջազգային մակարդակով եւ առաջատար մասնագետների ներգրավմամբ: Ucom-ն էլ մեծ նշանակություն է տալիս կայունությանը, մասնավորապես, մեր կորպորատիվ սոցիալական նախագծերի միջոցով, ուստի չէինք կարող անմասն մնալ նման միջոցառմանը: Հուսով ենք, որ մոտ ապագայում կայուն մոտեցումները կլինեն մեր երկրում բոլոր գործընթացների հիմքում, եւ մենք արագ զարգացում կունենանք փոխգործակցության շնորհիվ», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Հիմնական ելույթներն անդրադարձել են արհեստական բանականության եւ մարդանման ռոբոտների զարգացմանը, ինչպես նաեւ թվայնացման ու բիզնեսում կայունության ապագային: Թվային փոխակերպման եւ կայուն զարգացման խորհրդատվության մասին ելույթները կարեւորել են կայուն գործելակերպի ու կառավարման դերը ժամանակակից ընկերություններում:
Համաժողովի պանելային քննարկումներն անդրադարձել են ապագայի աշխատաշուկայի դինամիկային, արհեստական բանականության ազդեցությանը արդյունաբերության վերափոխման գործընթացում եւ թվային միջավայրում բիզնեսների առջեւ ծառացած մարտահրավերներին՝ կարեւորելով նորարարական գործիքների կիրառումը փոփոխվող աշխարհում:
Վարպետության դասերը հնարավորություն են տվել ձեռք բերել գործնական գիտելիքներ՝ անդրադառնալով տեխնոլոգիաներին, կայունությանը, թվային փոխակերպմանը եւ ղեկավարման մի շարք նորարար գործիքներին:
Համաժողովի օրերին՝ հոկտեմբերի 9-ին, տեղի է ունեցել նաեւ «Կոնստանտինուս» միջազգային մրցանակաբաշխությունը, որը համարվում է խորհրդատվական ոլորտի «Օսկարը»։ «Կոնստանտինուսը» մրցանակներ էր սահմանել խորհրդատվական ոլորտում նորարարական լուծումներ առաջարկող ծրագրերի համար, եւ հաղթող են ճանաչվել 9 երկրից ներկայացված նախագծեր։ Այս տարի առաջին անգամ մասնակցում էին նաեւ հայկական ընկերություններ ու նախաձեռնություններ։
Հայաստանի ազգային հաղթողի կոչմանն է արժանացել «Հայաստանում օրգանական պարարտանյութերի ոլորտի գնահատում եւ աջակցություն ՀՀ կառավարությանը՝ ծախս-շահույթ եւ արժեշղթայի ուսումնասիրությունների գործում» (Assessment of organic origin fertilizers sector status in Armenia and support to the GoA with cost-benefit and VC studies) նախագիծը։
Համաժողովի ընթացքում տարբեր ձեւաչափերով ելույթ են ունեցել ITC-ի Առեւտրի կայուն զարգացման բաժնի ղեկավար Ջոզեֆ Վոզնյակը, ամերիկացի գործարար Դեյվիդ Յանգը, ամերիկյան McKinsey կորպորացիայի Ցյուրիխի գրասենյակի ներկայացուցիչ Լեոնիդ Կիրակոսյանը եւ առաջնորդության խորհրդատու Լարս Սուդմանը։ Ելույթներով եւ պանելային քննարկումներով հանդես եկան նաեւ ոլորտի առաջատարներ Սանովբար Այուբովան (Sanovbar Ayubova), Վեսլի Փաթերսոնը (Wesley Paterson), Դանկո Դիմկովը (Dancho Dimkov), Նիկ Վարնը (Nick Warn), Նատալիա Մակովա (Natalia Makova), Ֆանի Զայլըրի (Fani Xylori) եւ շատ ուրիշներ։
2024 թվականի համաժողովը, որը կրում է «Թվային հորիզոններ. Միավորելով նորարարությունները կայուն ապագայի համար» խորագիրը, նախաձեռնել է Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտը (IMC Հայաստան)։