13:47 | 10.10.24 | Նորություններ | 1103

Fastex-ը` WCIT 2024-ին․ ինչպես են Բիթքոյնը, DeFi հավելվածները եւ NFT-ն ձեւավորում ֆինանսների ապագան

Հոկտեմբերի 4-7-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է  WCIT 2024 «Մտքի ուժը. արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակում» խորագրով միջոցառումների շարքը։ Fastex-ը համաժողովի գլխավոր գործընկերն էր։

«WCIT-ն հանդիսանում է ոլորտի կարեւորագույն միջոցառում, որն անցկացվում է արդեն 28-րդ անգամ։ Համաժողովը մեկ հարկի տակ է համախմբում ոլորտի առաջատարներին, նորարարական տեխնոլոգիաներով հետաքրքրվողներին՝ ստեղծելով նպաստավոր պայմաններ տնտեսության զարգացման եւ նոր աշխատատեղերի ստեղծման համատեքստում»,- նշել է WITSA-ի գլխավոր գործադիր տնօրեն Դեն Ի. Քուն։

Fastex-ը, որպես միջոցառման գլխավոր գործընկեր, ներկայացրել է իր Web3 պրոդուկտները, ներառյալ՝ Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Wallet-ը, Fastex Card-ը,  AKNEYE, ftNFT հարթակը, YoCerebrum մետավերս տիրույթը եւ YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։

WCIT 2024-ի կարեւոր մաս են կազմել պանելային քննարկումները՝ ոլորտի համաշխարհային կարեւոր դեմքերի մասնակցությամբ։ Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը եղել է խոսնակների ցանկում։ Վերջինս ելույթ է ունեցել «Վերափոխված ֆինանասներ․ ինչպես են Բիթքոյնը, DeFi հավելվածները եւ NFT-ն ձեւավորում ֆինանսների ապագան» թեմայով։ Քննարկումը վարել է FinTech Armenia-ի գործադիր տնօրեն Ստեֆան Լուկասը։ Պանելային քննարկման մասնակիցների շարքում են եղել Next Legacy-ից Ջոն Այլաջյանը, Cognaize-ի խորհրդատու Արա Աբրահամյանը, Molengeek-ի գործադիր տնօրեն Իբրահիմ Օուսարին, Web3 Foundation-ի համահիմնադիր եւ Blockstars-ի գործադիր տնօրեն Արտյոմ Հարությունյանը։

Վախթանգ Աբրահամյանը, անդրադառնալով ոլորտում առկա փոփոխություններին, ասել է, որ մրցակցությունը տանում է փոփոխությունների. «Այս գործընթացը չի վերաբերում միայն ֆինանսական ոլորտին, ֆինթեք ընկերություններին եւ ստարտափ նախագծերին։ DeFi, կրիպտո ավանդի եւ վարկային հարթակներն այսօր P2P թիրախային խմբի համար կարող են այլընտրանքային տարբերակ հանդիսանալ։ Պետք է սերտ գործակցել եւ հասկանալ՝ որոնք են փոխակերպումների լավագույն լուծումները բանկային ոլորտի համար»։