14:01 | 09.10.24 | Նորություններ | exclusive 1516

DataArt-ը Դիջիթեքում ներկայացրել է Proggy-Buggy միջազգային մրցույթը

DataArt Հայաստանը, որպես Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) անդամ, ամեն տարի մասնակցում է Դիջիթեք միջոցառմանը եւ էքսպոյին ներկայանում տաղավարով։

Այս տարին նույնպես բացառություն չէ, DataArt Հայաստանի PR մենեջեր Քսենյա Պողոսյանն iTel.am-ի հետ զրույցում պատմել է այս տարվա առանձնահատկության ու գալիք Proggy-Buggy մրցույթի մասին․

«Շատ ուրախ ենք, որ տարեցտարի միջոցառման հանդեպ հետաքրքրությունն աճում է ու ներկայացված ընկերությունների շրջանակն ընդլայնվում է, տեսնում ենք նոր կազմակերպություններ։ Այս տարի DataArt Հայաստանը ներկայացել է ամբողջ թիմով։ Ընկերության տնօրեն Արսեն Բաղդասարյանը պատվիրակություններին եւ հատուկ հյուրերին ծանոթացրել է էքսպոյին։ Մարդկային ռեսուրսների տնօրեն Իշխան Մարգարյանը հանդես է եկել «Մշակութային ինտեգրման ուղիները. Հայաստանում վերատեղակայված ընկերությունների մարտահրավերներն ու հնարավորությունները» պանելային քննարկմանը որպես խոսնակ։ Բացի այդ, ներկայացրել ենք գալիք Proggy-Buggy միջազգային մրցույթը, որին կարող են մասնակցել ծրագրավորման ցանկացած ուղղության մասնագետներ»,- նշել է նա։


Մասնակցությունը նախատեսվում է երեք անվանակարգում՝ սկսնակ, միջին ու ավագ մակարդակի մասնագետների համար։ Դիմել հնարավոր է մինչեւ հոկտեմբերի 26-ն այստեղ։ Քսենյա Պողոսյանի խոսքով՝ հնարավոր է մասնակցել անհատապես կամ էլ թիմով օֆլայն եւ առցանց ձեւաչափերով։ Օֆլայն մրցույթը կանցկացվի ընկերության գրասենյակում (Պարոնյան 40)։

«Ավանդույթի համաձայն՝ DataArt Հայաստանի տաղավարում կազմակերպել ենք նաեւ ինտերակտիվ խաղեր։ Դրանց արդյունքում դրական հետադարձ կապ ու հետաքրքրվածություն ենք նկատել ինչպես ընկերության, այնպես էլ մեր նոր նախագծերի ու Proggy-Buggy մրցույթի նկատմամբ։

Քսենյա Պողոսյանը Քսենյա Պողոսյանը
photo © Mediamax


Մենք մշտապես փորձում ենք տարբեր տեխնոլոգիական միջոցառումների կիզակետում գտնվել։ Բացի այդ՝ աջակցում ենք ՏՏ ոլորտը զարգացնող կրթական տարբեր նախաձեռնությունների՝ համագործակցելով համալսարանների, նախակրթական հաստատությունների եւ կրթական կենտրոնների հետ»,- ասել է նա:

Քսենյա Պողոսյանն ընդգծել է նաեւ, որ, հաշվի առնելով տեխնոլոգիական ոլորտի նկատմամբ երիտասարդների անդադար աճող հետաքրքրվածությունը, Դիջիթեքի նման միջոցառումների գրանցած արդյունքները՝ «Հայաստանը տարածաշրջանի տեխնոլոգիական կենտրոն դառնալու ներուժ ունի»: