12:28 | 13.09.24 | Նորություններ | 3213

Ucom-ը եւ Impact Hub Yerevan-ը մեկնարկել են «Ucom Ֆելլոուշիփ» ծրագիրը

Ucom ընկերությունը եւ Իմփաքթ Հաբ Երեւանը մեկնարկել են «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագիրը, որը կոչված է պատրաստելու Հայաստանի ձեռներեցների նոր սերունդը:

Այս ծրագիրը վաղ փուլի ստարտափ նախագծերին տրամադրում է ռեսուրսներ, մենտորություն եւ համագործակցելու միջավայր, որտեղ նրանք կզարգացնեն իրենց գաղափարները։

Մեկնարկի միջոցառումը միավորել է ծրագրի առաջին մասնակիցներին, որոնց սպասում էին ողջույնի խոսքեր, նոր կապեր ստեղծելու հնարավորություն եւ շրջայց Իմփաքթ Հաբի քովորքինգ գրասենյակով: Իմփաքթ Հաբ Երեւանի գործադիր տնօրեն Գեւորգ Պողոսյանը ներկայացրել է Իմփաքթ Հաբի ընդհանուր առաքելությունն ու դերը ձեռներեցներին աջակցելու գործում եւ պատմել նախորդ հաջողված նախագծերի մասին, որոնք ստեղծվել են այս աջակցող էկոհամակարգում։

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր ողջույնի խոսքում ներկայացրել է Ucom-ի մասնակցությունը ծրագրում ու վերահաստատել շարունակական աջակցությունը Հայաստանում կանաչ նախագծերին:

««Ucom Ֆելլոուշիփ» -ը մեզ համար չափազանց կարեւոր է, քանի որ այն ոչ միայն լրացնում է տեխնոլոգիաների եւ կանաչ տնտեսության սկզբունքների միջեւ առկա բացը, այլեւ ծառայում է որպես կորպորացիաների եւ ՀԿ-ների միջեւ համագործակցության փայլուն օրինակ», - ասել է Իմփաքթ Հաբ Երեւանի գործադիր տնօրեն Գեւորգ Պողոսյանը:

«Անչափ ուրախ ենք տեսնել այսպիսի հիանալի եւ ոգեշնչող գաղափարներ, որոնք կարող են ծառայել մեր համայնքներին եւ օգնել շրջակա միջավայրին կանաչ լուծումներով: Մենք ուրախ ենք աջակցել այս ծրագրին եւ հետեւել մեր մասնակիցների հաջողություններին, որոնք նաեւ դրական ազդեցություն են թողնելու սեփական համայնքներում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Ucom Ֆելլոուշիփ» ծրագրում ներառված են մի քանի հեռանկարային նախագծեր, որոնք լուծումներ են առաջարկում շատ լուրջ մարտահրավերների համար՝ վերականգնողական էներգիայի, բնապահպանական կայունության եւ կայուն արտադրանքի ոլորտներում:

Ծրագրում մասնակցելու համար ընտրված նախագծերը հետեւյալն են․

Flowtric. Նախագիծ, որը մշակում է փոքրիկ տուրբինային գեներատորներ՝ խողովակների մեջ հոսող ջրից վերականգնվող էլեկտրաէներգիա գեներացնելու համար: Այն առաջարկում է նորարարական լուծում շարունակական մաքուր էներգիայի աղբյուրից օգտվելու համար:

Edible Dishware: Այս գաղափարը նախատեսում է մեկանգամյա օգտագործման պլաստիկը փոխարինել մրգերից եւ հացահատիկից պատրաստված ուտելի սպասքով: Իրենց առաջարկը ներառում է վաֆլիից բաժակներ, բրնձից եւ պանրից պատրաստված ափսեներ եւ այլն, որոնք ապահովում են մեկանգամյա պլաստիկի փոխարեն կայուն այլընտրանքների կիրառումը:

Solatube Armenia: Նախագիծն առաջարկում է ցերեկային լուսավորության նորարարական համակարգերի ներդրում հայկական շուկայում՝ տեղական արտադրություն հիմնելու նպատակով: Նախագիծը կառաջարկի կայուն ցերեկային լուսավորության եւ օդափոխության լուծումներ, որը կաջակցի Հայաստանի տնտեսական աճին՝ աշխատատեղերի ստեղծման միջոցով, միաժամանակ այն կնպաստի շրջակա միջավայրի կայունությանը՝ նվազեցնելով արհեստական լուսավորության պահանջարկը:

NAN: Նախագիծը ներկայացնում է խելացի սարք, որը կնվազեցնի գյուղատնտեսության եւ այգեգործության ոլորտներում ջրի կորուստները: Օպտիմալացնելով ջրի սպառումը՝ այս գաղափարը խթանում է արդյունավետ, կայուն գյուղատնտեսական մոտեցումներ եւ լուծում է բնապահպանական ամենահրատապ մարտահրավերներից մեկը՝ ջրի կորուստը:

Unnamed Project: Նախագիծն առաջարկում է կախասնկերի կայուն արտադրություն: Այս նախագիծն օգտագործում է ցորենի թեփի պարկեր կախասունկ աճեցնելու համար, պարկերը վերամշակվում են կենդանակեր ստանալու համար: Կենդանիներից ստացված գոմաղբն էլ օգտագործվում է դաշտերը պարարտացնելու համար: Նախագիծը նաեւ ինտեգրում է ստացված գոմաղբից կենսագազի արտադրությունը՝ առաջարկելով շրջակա միջավայրի կայուն լուծումների փակ շրջան:

Առաջիկա ամիսներին մասնակիցները կօգտվեն սեմինարներից, փորձագետների մենտորությունից եւ պրակտիկ փորձից՝ իրենց բիզնեսն ու գաղափարները զարգացնելու համար: Ինկուբացիոն ծրագիրը կունենա ավարտական միջոցառում, որի ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց արդյունքները, իսկ լավագույն գաղափարը կստանա 500 հազար դրամ ֆինանսական մրցանակ՝ նախագծի հետագա աճը խթանելու համար: