16:51 | 12.09.24 | Նորություններ | 5452

Հայկական նորարարությունը՝ հօգուտ թվային գովազդի համաշխարհային զարգացման

Գովազդային ոլորտն այժմ ավելի մրցակցային է, քան երբեւէ։ Սա ավելի արտահայտված է հատկապես սոցիալական ցանցերում, որտեղ բիզնեսները մշտական մրցակցության մեջ են լսարանի ուշադրությունը գրավելու համար:

Մարքեթինգային ռազմավարությունների դիվերսիֆիկացումը եւ լսարանի հետ արդյունավետ կապ հաստատելը դարձել են առաջնահերթություն, հետեւաբար այս մարտահրավերին դիմակայելու համար Prodigi ընկերությունը ստեղծել է նորարարական լուծում Telegram Ad Network-ը, որն արագորեն գրավում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաները։

Prodigi-ն, լինելով ՀՀ-ում գործող թվային մարքեթինգային առաջատար ընկերություններից մեկը եւ աչքի ընկնելով նորարարական լուծումներով, օգտվել է Telegram-ի հսկայական ներուժից եւ ստեղծել գովազդային նոր տեխնոլոգիա, որը բիզնեսներին հնարավորություն է տալիս ուղիղ կապ հաստատել լսարանի հետ տարբերվող գովազդային կրիչների օգնությամբ: Գովազդային ցանցը հաջողությամբ փորձարկվել է Հայաստանում եւ Ուզբեկստանում՝ դառնալով տեխնոլոգիական կամուրջ տեղական խոշոր տելեգրամյան ալիքների եւ գովազդատուների միջեւ։

Telegram Ad Network-ն այժմ ընդլայնում է սահմանները՝ բիզնեսների համար հասանելի դառնալով ոչ միայն ամբողջ աշխարհում, այլեւ՝ նեղ ոլորտային ուղղվածություններով։ Ասվածի ամենավառ արտահայտությունը կրիպտո-ուղղվածությամբ տելեգրամյան գովազդի ցանցն է, որը այս եւ հարակից ոլորտների միջազգային բիզնեսներին հնարավորություն է տալիս հաջողությամբ կիրառել թիրախավորված գովազդի բոլոր հնարավորությունները Telegram-ում։

Ինչպե՞ս է Telegram Ad Network-ը լուծում ոլորտի խնդիրները

Մեր օրերում սոցիալական հարթակներում օգտատերերն օրական ստանում են ավելի շատ ինֆորմացիա, քան ի վիճակի են սպառել. արդյունքում մրցակցությունը գնալով մեծանում է։ Բիզնեսների համար առցանց տիրույթում ծավալվող այս մրցակցությանը դիմանալը եւ թիրախային լսարանին հասնելը դարձել են լրջագույն մարտահրավերներ։ Բացի այդ՝ գովազդի ավանդական մեթոդները հաճախ չեն ապահովում անհատականացում եւ ներգրավվածություն, առանց որոնց աչքի ընկնելը գրեթե անհնար է:

Այս պայմաններում Telegram Ad Network-ը դառնում է արդյունավետ այլընտրանք՝ բիզնեսներին առաջարկելով օգտատերերի հետ հաղորդակցվելու նոր եղանակ՝ Telegram-ը մի հարթակ է, որն ապահովում է բարձր ներգրավվածություն եւ օգտատերերի հետ ուղիղ կապի հնարավորություն։

Prodigi-ի Բիզնեսի միջազգային զարգացման ղեկավար Էլինա Մանուկյանն ընդգծում է այս նորարարական տեխնոլոգիայի մեծ ներուժը.

«Telegram Ad Network-ը պարզապես հերթական գովազդային հարթակ չէ։ Այն նոր հնարավորություն է բիզնեսների համար՝ օգտատերերի հետ անձնական մակարդակում կապ հաստատելու համար։ Սա կարեւոր է հատկապես զարգացած շուկաներում, որոնք գերծանրաբեռնված են ավանդական գովազդներով: Նոր տեխնոլոգիան հատկապես արժեքավոր կարող է լինել այնպիսի ոլորտների համար, ինչպիսիք են կրիպտոարժույթները, ներդրումային ու ֆինանսական ուղղությունները, որոնց դեպքում թվային գովազդի հիմնական հարթակները հաճախ մի շարք սահմանափակումներ են դնում։

Telegram-ի միջոցով այս ոլորտի բիզնեսները կարող են առանց սահմանափակումների եւ ժամանակային ռեսուրսներ ծախսելու գովազդել իրենց պրոդուկտները եւ կապ հաստատել թիրախային լսարանի հետ»։

Նորարարություն՝ ամրապնդված հայկական փորձով

Telegram Ad Network-ն ուշագրավ է ոչ միայն տեխնոլոգիայի, այլեւ դրա հիմքում ընկած պատմության շնորհիվ: Տարիների փորձն ունենալով աչքի առաջ՝ Prodigi-ի մասնագիտական թիմը մշակել է մի լուծում, որը բավարարում է համաշխարհային բիզնեսի կարիքները՝ միաժամանակ հավատարիմ մնալով տեղական արմատներին:


«Ի սկզբանե փորձում էինք ստեղծել պրոդուկտ, որը հավատարիմ կմնար մեր տեսլականին ու կօգներ միջազգային շուկային առաջարկել նոր արժեքավոր գովազդային գործիք։ Մեր առաջ դրել էինք խնդիր՝ ստեղծելու մի ցանց, որը տեխնոլոգիական նորարարություն կլինի ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ Ուզբեկստանում եւ միջազգային այլ ուղղություններում՝ սեգմենտավորելով տարբեր ոլորտներ»,- ասում է Native Network գովազդային ցանցի ղեկավար Հերմինե Ղազարյանը:

Ուզբեկստանում, որտեղ Telegram-ը ամենամասսայական օգտագործումն ունեցող մեսենջերն է, տեղական բիզնեսներն արդեն հաջողությամբ կիրառում են Telegram Ad Network-ի ընձեռած հնարավորությունները՝ լոկալ թիրախավորված լսարաններին հասնելու համար։


Prodigi-ի ուզբեկստանյան ուղղության տնօրեն Վալերի Հախվերդյանը, ներկայացնելով Telegram Ad Network-ի տարածաշրջանային ազդեցության իր դիտարկումները, նշում է, որ ուզբեկական շուկան բաց է թվային նորարարությունների համար:

«Ուզբեկստանում մեր գովազդատուները զգալի արդյունքներ են գրանցում Telegram Ad Network-ի շնորհիվ, հատկապես լսարանի ներգրավվածության եւ գովազդի հասանելիության առումով: Սա տեխնոլոգիայի արդյունավետության լավագույն վկայությունն է»,- ասում է նա:

Տեղական հաջողությունից համաշխարհային տեսլական

Prodigi-ի Telegram Ad Network-ն ավելին է, քան լոկալ հաջողությունը։ Այն ընկերության՝ թվային նորարարությունը Հայաստանից դեպի աշխարհ տանելու տեսլականի արտացոլումներից մեկն է։ Մինչ բիզնեսները շարունակում են նոր ուղիներ փնտրել իրենց մարքեթինգային ռազմավարությունները դիվերսիֆիկացնելու համար, Prodigi-ի նորարարական մոտեցումը հստակ լուծում է տալիս հարցին։

Telegram Ad Network-ի միջոցով բիզնեսները կարող են դիվերսիֆիկացնել իրենց թվային ռազմավարությունները, հասնել բարձր ներգրավվածություն ունեցող լսարաններին եւ հաջողությամբ հաղթահարել առցանց տիրույթի մարտահրավերները։ Այս հարթակը եզակի հնարավորություն է դառնում բիզնեսների համար ավելի անմիջական եւ ազդեցիկ կապ հաստատել իրենց թիրախային լսարանի հետ եւ առավելագույնի հասցնել գովազդային ներդրումից ստացած արդյունքները։