14:52 | 16.08.24 | Նորություններ | 9002

Մեկնարկել են Հայաստանում 5G լայնաշերտ ցանցի ներդրման աշխատանքները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ազատականացրել է 3600-3800 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթը՝ առեւտրային նպատակներով տրամադրելու համար:

Հայաստանում առաջիկայում 5G տեխնոլոգիական լայնաշերտ ցանցի ներդրման վերաբերյալ Itel.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ ռադիոհաճախականությունների տիրույթն ազատականացնելուց հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրականացնում է 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթից հատվածների տրամադրման մրցութային փաթեթի եւ պայմանների, ինչպես նաեւ հանրային շարժական 5G տեխնոլոգիայի լայնաշերտ կապի որակի չափանիշների մշակման գործընթաց, որը նախատեսվում է քննարկել նախարարության հետ:

«Քննարկումներից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կհայտարարի մրցույթ: Եթե ՀՀ շարժական կապի օպերատորները մասնակցեն մրցույթին եւ ռադիոհաճախականությունների տիրույթից հատվածներ ձեռք բերեն, օպերատորները կիրականացնեն մրցույթային փաթեթի պայմաններով սահմանված ժամկետներում եւ վայրերում 5G տեխնոլոգիական լայնաշերտ ցանցի ներդրման եւ շահագործման աշխատանքներ: Այս պարագայում Հայաստանը կունենա 5G տեխնոլոգիական լայնաշերտ ցանցի հասանելիություն:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Հայաստանի շարժական կապի օպերատորների հետ կազմակերպել է առանձին հանդիպումներ, որտեղ քննարկվել են 5G տեխնոլոգիայի ցանցերի ներդրման հարցերը, մասնավորապես՝ վերջիններիս պատրաստակամությունն ու հետաքրքրվածությունը մրցույթին մասնակցելու եւ վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու համար»,-նշել է ԲՏԱ նախարարը: