12:02 | 16.08.24 | Նորություններ | 1674

Plug and Play Tech Center աքսելերատորը գալիս է Հայաստան

«Plug and Play Germany GmbH» կազմակերպությունը հաղթել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության «Աքսելերացիոն ծրագիր» դրամաշնորհային մրցույթում։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում օգոստոսի 15-ին տեղի է ունեցել «Աքսելերացիոն ծրագիր» դրամաշնորհային մրցույթի հաղթող կազմակերպության հետ պայմանագրի կնքման արարողությունը:

26 շաբաթյա ծրագիրը նախատեսված է Հայաստանում գործունեություն ծավալող սկսնակ ընկերությունների համար, որի ընթացքում ընկերություններին կտրամադրվեն խորհրդատվական ծառայություններ, կարողությունների զարգացում, բիզնեսի զարգացման եւ գործարար կապերի հաստատման օժանդակում, նորարարության աջակցություն եւ անհատական մենթորություն:

Պայմանագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանը եւ «Plug & Play Germany GmbH» կազմակերպության գործադիր տնօրեն Սաշա Քարիմպուրը։

Plug and Play Tech Center-ը միջազգային հեղինակավոր նորարարական հարթակ է եւ ստարտափ աքսելերատոր, որի գլխամասը գտնվում է Սիլիկոնյան հովտում: Այն կապում է ստարտափներին, կորպորացիաներին եւ ներդրողներին՝ խթանելու տեխնոլոգիական առաջընթացը եւ բիզնեսի աճը:

Ներկայանալով բազմաթիվ երկրներում՝ Plug and Play-ն առաջարկում է ամուր էկոհամակարգ, որն աջակցում է ստարտափներին՝ մենթորության, ֆինանսավորման եւ ցանցային հնարավորությունների միջոցով՝ օգնելով ընդլայնելու գործունեության աշխարհագրությունը  եւ հաջողության հասնելու տարբեր ոլորտներում:

Plug and Play Tech Center-ը համագործակցում է մի շարք գլոբալ եւ հեղինակավոր կազմակերպությունների հետ ինչպիսիք են՝ VISA-ն, ROCHE-ն, JAGUAR LAND ROVER-ը, WALMART-ը, Mercedes-Benz-ը, VOLVO-ն, PORSCHE-ն, NISSAN-ը եւ այլք:

Plug and Play Tech Center-ի պորտֆոլիոյում կա ավելի քան 30 միաեղջյուր (unicorn) կազմակերպություն: Նրանց պորտֆոլիոյում ընդգրկված են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են PayPal-ը, Dropbox-ը, Honey-ն, SoundHound-ը, Rappi-ն, CourseHero-ն, Pinterest-ը, Pony.ai-ը եւ այլք:

Մասնակցության հայտ էր ներկայացրել 4 միջազգային կազմակերպություն, մրցութային հանձնաժողովի գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել «Plug and Play Germany GmbH» աքսելերատորը: Մրցույթի համար նախատեսված բյուջեն կազմում է 336 միլիոն դրամ: