15:33 | 20.06.24 | Նորություններ | 3323

Formula VC-ն ներդրում է կատարել հայկական StarsHunt ստարտափում

Formula VC վենչուրային ֆոնդը հայտարարել է StarsHunt ստարտափում ներդրում կատարելու մասին։

StarsHunt-ն առաջարկում է ինտերակտիվ հարցազրույցներ AI հավաքագրողի հետ: Արհեստական բանականության տեխնոլոգիայով աշխատող հավաքագրողը տեսազանգի միջոցով հաղորդակցվում է թեկնածուներից յուրաքանչյուրի հետ՝ նրանց պատասխանների հիման վրա անհատականացված լրացուցիչ հարցեր տալով: StarsHunt-ի AI հավաքագրողը պատրաստ է շուրջօրյա տարբերակով հարցազրույցներ վարել թեկնածուների հետ։

«StarsHunt-ը վերափոխում է տաղանդների հավաքագրման գործընթացը՝ արհեստական բանականության վրա հիմնված HR օգնականի միջոցով: Տաղանդների հավաքագրումը կարեւոր է ցանկացած բիզնեսի համար, եւ մենք ուրախ ենք աջակցել StarsHunt-ի նորարարական մոտեցմանը»,- նշել է Formula VC վենչուրային ֆոնդի համահիմնադիր եւ գլխավոր գործընկեր Կարեն Վարդանյանը։

«Formula VC-ի հետ համագործակցությունը մեծապես կնպաստի աշխարհի ամենաառաջատար AI հավաքագրող ստեղծելու մեր ջանքերին», - նշել է StarsHunt-ի համահիմնադիր եւ նախագահ Ֆեդի Մելիքսեթյանը:

Սա վենչուրային ֆոնդի պորտֆոլիոյում 19-րդ ստարտափն է։ Ընդհանուր առմամբ, Formula VC-ն 3,4 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել հայկական ստարտափներում։

Formula VC վենչուրային ֆոնդն աջակցում է վաղ փուլում գտնվող տաղանդավոր եւ նորարար թիմերին: Ֆոնդի նպատակը մեկն է՝ սատարել ստարտափներին մասնագիտական ցանցով եւ ռեսուրսներով նրանց աճի կարեւոր փուլերում, որպեսզի նրանք գլոբալ մակարդակում դառնան առաջատարներ իրենց ոլորտներում: