14:37 | 20.06.24 | Նորություններ | 15022

«Մեծ երազիր՝ փոքրից սկսիր». արցախցի Աննան՝ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից

Արցախցի Աննան «Մեկնարկի՛ր» կրթական ծրագրի մասնակից է դարձել՝ հաջողված ստարտափ ընկերությունների պատմությունները լսելու, ուրիշների փորձից դասեր քաղելու, սեփական արվեստանոցն ստեղծելու եւ հայկական ջնարակ արտադրելու վճռականությամբ:

Տարիներ առաջ Արարատի մարզի Զորակ գյուղում կավագործություն սովորած Աննան չի պատկերացրել, որ կյանքի կտրուկ շրջադարձից ու տեղահանվելուց հետո իր առջեւ ստարտափ էկոհամակարգն ուսումնասիրելու դռներ կբացվեն: «Մեկնարկի՛ր» կրթական ծրագրի շնորհիվ ավելի վճռական է դարձել: Սկսել է մտածել, որ նախասիրությունը կարելի է բիզնես-նախագիծ դարձնել եւ իր էսքիզներով կրծքազարդերը ստեղծելիս օգտագործել սեփական արտադրության ջնարակ: Այդ հարցում նրան խրախուսել է նաեւ Զորակի կավագործության ուսուցիչը:

«Հաճախում էի կավագործության եւ արդեն որոշակի հմտություններ ունեի: Հետո սկսեցի մասնակցել նաեւ «Մեկնարկի՛ր» կրթական ծրագրին, որոշեցի այդ երկուսը համատեղել եւ սկսել իմ բիզնեսը: Գիտեի, որ լինելու են սեմինարներ արդեն հաջողած մասնագետների հետ: Ուզում էի ծանոթանալ նրանց փորձին, ստանալ խորհուրդներ, իմանալ, թե որտեղ են սխալվել, եւ ավելի արագ հասնել իմ նպատակին: Հարկավոր է սովորել ուրիշների սխալներից եւ դրանք օգտագործել նպատակների իրականացման ճանապարհին: Ես իմ կարգախոսն ունեմ. «Մեծ երազիր՝ փոքրից սկսիր»: Ինչ-որ բանի հասնելու համար ժամանակ եւ ցանկություն է պետք: Կրթական այս ծրագրին մասնակցելու ընթացքում հասկացել եմ, որ պետք է չվախենալ սխալվելուց եւ գնալ երազանքների իրականացման ճանապարհով: Եթե հաջողեմ, արվեստանոց կբացեմ եւ արտերկրից ներկրելու փոխարեն հայկական արտադրության ավելի մատչելի եւ գունեղ՝ ոչ սննդային ջնարակներ կպատրաստեմ», - ասում է Աննա Ծատրյանը:

«Մեկնարկի՛ր» ծրագիրն իրականացվում է երկու փուլով՝ «Հայկական օնլայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի եւ Մեդիամաքսի կողմից՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ: Այն կարեւոր հարթակ է ստարտափ ստեղծող երիտասարդների համար: Հաջողակ ընկերությունների փորձը եւ մենտորների հետ աշխատարաններին մասնակցությունը երիտասարդներին օգնում են գնահատել ծրագիր սկսելու հավանականությունը: Կրթական ծրագրի շրջանակում նախատեսված է նաեւ մրցույթ:

Աշխատարաններում մշակված եւ մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչված ստարտափ նախագծերը կարժանանան խրախուսական դրամական պարգեւների: Ծրագիրը հրաշալի հարթակ է երիտասարդների երեւակայությունը, ստեղծագործելու ներուժն ու արդյունքի հասնելու ձգտումը զարգացնելու համար: