11:33 | 17.06.24 | Նորություններ | 14065
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ելույթ է ունեցել «Երեֆան» բիզնես միջոցառմանը։
Միջոցառման ընթացքում իրենց ոլորտում հաջողած մասնագետները ներկայացրել են բիզնես տրանսֆորմացիայի ամենահիշարժան օրինակները՝ անդրադառնալով բիզնեսի հիմնական գործառույթներին, ինչպիսիք են՝ օպերացիոն մենեջմենթ, մարքեթինգ, ֆինանսներ, մարդկային ռեսուրսներ, վաճառք։
Ռալֆ Յիրիկյանի ելույթը նվիրված է եղել «Անձնային աճը եւ զարգացումը՝ որպես արդյունավետ ղեկավար դառնալու գրավական» թեմային, որի շրջանակում նա ներկայացրել է, թե ինչպես կարող է ղեկավարն, իր թիմին ոգեշնչելով, օրինակ ծառայելով եւ ընկերության արժեքները տարածելով, ապահովել թիմի արդյունավետությունն ու մշտական զարգացումը։
«Բոլորը գիտեն, որ լավ ղեկավարը պիտի լինի իր ոլորտի գիտակ մասնագետ ու փորձառու կառավարիչ, կարողանա աշխատանքը ճիշտ բաշխել։ Բայց, կարծում եմ, պետք է ավելի հաճախ քննարկենք, թե ինչպես կարող է ղեկավարն իր անձնային որակներով ու արժեքներով ոգեշնչել իր աշխատակիցներին, տարածել առողջ մտածելակերպն ու էթիկայի բարձր նորմերը, ինչը միշտ լավ է անդրադառնում ընկերության բոլոր ցուցանիշների վրա», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Անչափ ոգեւորված ենք, որ այսօր հաջողվեց ստեղծել մի հարթակ, որը ոչ միայն համախմբեց 200-ից ավելի գործարարի ու փորձառու մենեջերի, այլեւ հնարավորություն ընձեռեց Ռալֆ Յիրիկյանի նման բարձրակարգ փորձագետներին իրենց գիտելիքներն ու փորձը կիսել հայ գործարար համայնքի հետ։ Վստահ եմ, որ այսօրվա ելույթներն ու քննարկումները լուրջ խթան կհանդիսանան հայկական բիզնես էկոհամակարգի զարգացման համար՝ բացահայտելով նոր հնարավորություններ ու լուծումներ, որոնք կարող են իրական բեկում մտցնել մեր բիզնես միջավայրում եւ ոչ միայն»,- ասել է «Թարգեթինգ» ընկերության տնօրեն Գոռ Կարապետյանը:
Միջոցառումը կազմակերպել է «Թարգեթինգ» ընկերությունը՝ նպատակ ունենալով քննարկել տնտեսական գործունեության հնարավորություններն ու հեռանկարները։
Այն նախատեսված էր բիզնես սեփականատերերի, բիզնես հիմնադիրների եւ թոփ մենեջերների համար։