Նորաստեղծ ARDY ակադեմիան Հայաստանում թվային մասնագիտությունների մասշտաբային կենտրոն է, որը համադրում է մասնագիտական կրթությունը, իրական նախագծերի վրա աշխատանքը, ՏՏ ընկերությունների հետ անմիջական կապն ու ստեղծարար միջավայրը։
Ակադեմիան հիմնադրել է Renderforest ընկերությունը։ Այն Կոտայքի մարզում կառուցված Woods Center տեխնոհաբում է, որը յուրահատուկ միջավայր է աշխատանքի, ժամանցի ու կրթության համար։
Ակադեմիայի առանձնահատկությունների, արդի մասնագիտությունների, Woods Center տեխնոհաբի, Renderforest-ի եւ AI ապագայի մասին iTel.am-ին պատմել է Renderforest-ի հիմնադիր Նարեկ Սաֆարյանը։
ARDY-ի գաղափարն ու ստեղծման անհրաժեշտությունը
Ակադեմիա ստեղծելու գաղափարն առաջացավ, երբ որպես բիզնես զգացինք՝ զբաղվում ենք կրթությամբ։ Ուսանողները, սկսնակները Renderforest-ում աշխատանքի ընդունվելիս դեռ մոտ կես տարի անցնում էին վերապատրաստման փուլ մինչ տիրապետում էին այն բոլոր առաջադեմ տեխնիկաներին ու տեխնոլոգիաներին, որոնց կիրառությամբ կարող էին լիարժեք աշխատել ՏՏ ընկերությունում։
Ժամանակի ընթացքում զգացինք, որ ճիշտ չէ՝ բիզնեսը զբաղվի կրթությամբ եւ ավելի լավ է հիմնել այնպիսի կրթական հաստատություն, որը, լուծելով մեր խնդիրը, կլրացնի նաեւ ոլորտային բացը։ Այսկերպ ավելի գլոբալ մոտեցում ենք ցույց տվել։
photo © Մեդիամաքս
Այժմ գրեթե ամեն ընկերություն ունի իր կրթական հաստատությունը, բայց մենք այդ մոդելից դուրս եկանք. Renderforest-ը չպետք է ունենա միայն իր ակադեմիան, այլ պետք է ստեղծի առանձին ակադեմիա, որը կկրթի հազարավոր ուսանողների։ Սա նաեւ մեծ խթան կհանդիսանա, որ ստեղծվեն նոր ընկերություններ, ստարտափներ, ինչն էլ իր հերթին կզարգացնի ոլորտը։
ARDY-ի յուրահատկությունն ու այլ կրթական կենտրոններից տարբերությունըԿրթական մոդելն ամբողջովին տարբերվում է։ Շատ դեպքերում մեզ մոտ գալիս են տարբեր կրթական կենտրոններում վերապատրաստված ծրագրավորողներ, որոնք որպես մասնագետ լավն են, բայց չունեն շատ անհրաժեշտ «փափուկ հմտություններ» (soft skills)։
Մեզ մոտ ուսանողները ստանում են ոչ միայն բուն մասնագիտական կրթություն, այլեւ այդ «փափուկ հմտությունները»։ Կդասավանդվեն ֆինանսական գրագիտություն, իրավունք, ձեռներեցություն, անգլերեն լեզու։ Բացի լավ աշխատակից պատրաստելուց, մենք կարեւորում ենք նաեւ հենց ձեռներեցներ պատրաստելը, որոնք կստեղծեն միջազգային շուկա դուրս եկող ստարտափներ։
photo © Մեդիամաքս
Նախատեսվում են ամառային կարճ դասընթացներ։ Սեպտեմբերից կմեկնարկեն 6-9 ամսյա կրթական ծրագրերը 3 ուղղությամբ՝ ծրագրավորում, դիզայն եւ մարքեթինգ։ Կարճ դասընթացներն փորձարարական են, ամռանը փոքր հոսքերով կփորձենք ու հետո արդեն մեծ հոսքերին կանցնենք։ Կրթության արժեքը կկազմի մոտ 900 հազար դրամ, որը կներառի ամբողջ ուսուցումը կենտրոնի բոլոր հասանելիություններով՝ գրադարան, մարզասրահ, co-working, հյուրասիրություններ եւ այլն։
Կրթությունը չի ադապտացվել միայն մեր ընկերության համար։ Ուսումնական շրջանի 4-րդ եւ 5–րդ ամսում արդեն պլանավորում ենք թիմեր ձեւավորել, որոնք կզարգացնեն եւ կմշակեն իրական նախագծեր։ Եթե ուսանողներն արդեն իսկ ունեն ստարտափ գաղափարներ, ապա կարող են աքսելերացա անել, եթե չունեն՝ փորձելու ենք նրանց տալ ինչ-որ սոցիալական նախաձեռնություններ։ Արդյունքում ուսանողները պորտֆոլիո կկազմեն։
Դասախոսական կազմն ու ապագայի մասնագիտություններըՄենք շատ ջանք ենք գործադրում, որ ընտրենք այնպիսի մասնագիտությունները, որոնք մեր ուսանողներին թույլ կտան աշխատաշուկայում գտնել իրենց տեղը։ Երկու տարի է՝ մշակում ենք կրթական ծրագիրը, հիմա մտածում ենք գրաֆիկական դիզայնի դասընթացից հրաժարվել՝ այն համարվում է «մեռնող մասնագիտություն»։ Ուղղությունը կտանենք դեպի Prompt engineering. այն ապագայի մասնագիտություն է եւ թույլ կտա, լինելով դիզայներ, փոխել գործիքակազմը։
photo © Մեդիամաքս
Շատ դժվար է ապագայի մասնագիտությունների դասախոսներ գտնել Հայաստանում, նրանք շատ քիչ են։ Մեզ համար կարեւոր է, որ դասախոսներն ակտիվ գործող մասնագետներ լինեն տարբեր ընկերություններում, քանի որ ընկերություններն են նորարարությունը բերում կրթություն։
Woods Center տեխնոհաբը՝ որպես ինքնուրույն էկոհամակարգԵրկար ժամանակ փնտրում էինք մի վայր, որը կտրված կլինի քաղաքի աղմուկից, փոշուց։ Երբ եկանք ու տեսանք Ջրվեժի անտառը, որոշեցինք այս վայրը զարգացնել ու ստեղծել տեխնոհաբ։
photo © Մեդիամաքս
Woods Center-ում գործում է երկու մասնաշենք, որոնք միմյանց կապվում են կամուրջով։ Շուտով ավարտին կհասցվի երրորդ մասնաշենքի շինարարությունը, նախատեսվում է կառուցել նաեւ բնակելի մասնաշենք աշխատակիցների ու ուսանողների համար։
Բիզնես մասնաշենքն ունի մոտ 700 աշխատատեղ, որի գրեթե 70%-ն արդեն զբաղված է։ Մեկ ամբողջ հարկ Renderforest-ի գրասենյակն է։ Այստեղ բազմազգ ընկերություններ կան՝ չինականից մինչեւ ռուսական ու հայկական։ Փորձել ենք այնպիսի միջավայր ստեղծել, որ օրվա ընթացքում մարդու բոլոր կարիքները բավարարվեն՝ աշխատանքից մինչեւ ժամանց։
photo © Մեդիամաքս
Կա ժամանցային 4 գոտի, մի քանիսը կավելանա նոր մասնաշենքում։ Շուտով կբացվեն վարսավիրանոցը, բարբերշոփը, ակումբն ու փաբը։ Մարզասրահն անվճար հասանելի է ռեզիդենտ ընկերությունների բոլոր աշխատակիցների ու ուսանողների համար։ Կենտրոնն ավտոկայանատեղիի խնդիր չունի, մոտ 350 կայանատեղ է նախատեսված։
photo © Մեդիամաքս
Կրթական մասնաշենքը ծառայում է նաեւ որպես միջոցառումների անցկացման վայր, ունենք ժամանակակից ու ընդարձակ 2 դահլիճ՝ նախատեսված 500 անձի համար։
Կառավարության հետ երկար բանակցությունների արդյունքում համաձայնություն ենք ձեռք բերել տեխնոհաբի դիմացը գտնվող Ջրվեժի այգին բարեկարգել։
photo © Մեդիամաքս
Գրադարանը առանձնահատուկ տեղ ունի կենտրոնում։ Հայաստանի Ամերիկյան համալսարանն է օգնել տեխնիկական մասն ապահովել ու այս պահին Հայաստանում թվային մասնագիտությունների ամենաառաջադեմ գրադարանն է։
Renderforest-ի տրանսֆորմացիան ու GenAI տանող ճանապարհըՄենք սկսել ենք 10 տարի առաջ ու փոքր թիմից վերածվել մոտ 100 հոգանոց ընկերության։ Այն ամբողջական դիզայն հարթակ է, որն օգնում է մեր օգտատերերին ստեղծել ցանկացած դիզայն՝ իլյուստրացիաներ, գրաֆիկաներ, տեսանյութեր եւ այլն։ Ընկերությունն ունի մոտ 25 միլիոն օգտատեր ամբողջ աշխարհից՝ մեծամասամբ Միացյալ Նահանգներից։
Նարեկ Սաֆարյանը
photo © Մեդիամաքս
Այժմ փորձում ենք արագ ինտեգրել AI տեխնոլոգիաները, քանի որ աշխարհը զարգանում է հենց այդ ուղղությամբ ու շուկայում դիրքավորվում ենք որպես առաջին AI-ի վրա հիմնված անիմացիա ստեղծող գործիք։ Մեր պրոդուկտը OpenAI-ի API-ների վրա ենք կառուցել:
Նունե ԳրիգորյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյան