Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նախաձեռնությամբ եւ Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան ֆինանսավորմամբ իրականացվող «Նորարար կանայք» (Women Innovators) ծրագրի դասընթացներից մեկն անցկացվել է DataArt ընկերության հայաստանյան գրասենյակում:
DataArt-ը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում եւ աջակցում է ծրագրերին, որոնք ուղղված են տնտեսությունում, ՏՏ ոլորտում ներգրավված կանանց թվի ավելացմանը:
«Նորարար կանայք» ծրագրի ղեկավար Լարիսա Ավետիսյանը
photo © Մեդիամաքս
«Նորարար կանայք» ծրագրի նպատակն է բացահայտել գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության եւ մաթեմատիկայի ոլորտի կանանց ձեռնարկատիրական ներուժը՝ նրանց տրամադրելով անհրաժեշտ գիտելիքներ եւ կապեր:
DataArt ընկերությունում անցկացված դասընթացը վարել է Cascade People & Business ընկերության եւ Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի հիմնադիր Արփի Կարապետյանը:
Նա ծրագրի մասնակից կանանց հետ զրուցել է ինքնաճանաչման կարեւորության մասին, հոգեբանական մի քանի թեստի միջոցով կատարել անձի պրոֆիլավորում՝ ուղղորդելով՝ ինչպես կարելի է բացահայտել սեփական կարողություններն ու ներուժը:
«Առաջին հերթին պետք է ասեմ՝ ես էլ եմ կին ու այս կյանքում բավականին երկար ճանապարհ եմ անցել: Ճանապարհ, որի ընթացքում «տղամարդկանց աշխարհում» փորձում ես սկսել ինչ-որ գործ ու բացատրել՝ դու էլ կարող ես: Այնպես որ, եթե ձեր այս ճանապարհի ընթացքում կարողանամ ինչ-որ կերպ օգտակար լինել, կապվեք ինձ հետ», - ասել է Արփի Կարապետյանը:
Արփի Կարապետյանը
photo © Մեդիամաքս
Հանգստյան օրվա առավոտը դասընթացի մասնակիցները սկսել են արթնանալով ոչ միայն ֆիզիկապես, այլեւ՝ մտքով:
«Մարմնի շարժումն ակտիվացնում է ուղեղը», - ասել է դասընթացավարը՝ խնդրելով, որ ներկա կանայք մի քանի ֆիզիկական վարժություն կատարեն:
Այնուհետեւ հարց ու պատասխանի, քննարկումների, թեստավորումների միջոցով ներկաները փորձել են առավել լավ ճանաչել սեփական անձնային հատկությունները, առավելություններն ու ներուժը, որի մասին, գուցե, նույնիսկ պատկերացում չունեին:
photo © Մեդիամաքս
Ծրագրի մասնակից, DataArt ընկերության աշխատակից Աննա Սուքիասյանն
Itel.am-ի հետ զրույցում ասել է՝ դասընթացի արդյունքում ցանկանում է ընդլայնել ունեցած գիտելիքն ու հմտությունները.
«2,5 ամիս տեւողությամբ այս ծրագիրը շատ ընդգրկուն է: Այն ներառում է թեմաներ էմոցիոնալ ինտելեկտից, նախագծերի կառավարումից սկսած մինչեւ գաղափարի գեներացում ու պրոդուկտի մարքեթինգային առաջխաղացում: Որոշել եմ մասնակցել, քանի որ ցանկանում եմ պատկերացում կազմել՝ ինչպես են ձեռներեցություն ծավալում ՏՏ բնագավառում»:
Աննա Սուքիասյանը
Աննայի խոսքով՝ «Նորարար կանայք» ծրագիրը լավ հնարավորություն է համատեղել ՏՏ ոլորտում իր փորձն ու լրացնել պակասող հմտությունները:
«Ակնկալում եմ ստանալ տեսական գիտելիք եւ դասերին օֆլայն մասնակցելով՝ առավելագույնս վերցնել ոլորտի մասնագետներից: Անխոս, ցանկանում եմ կապեր հաստատել նաեւ մյուս մասնակիցների եւ դասավանդողների հետ», - ասել է Աննա Սուքիասյանը:
photo © Մեդիամաքս
FAST հիմնադրամի «Նորարար կանայք» ծրագիրն անվճար է: Դրան մասնակցում է գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության եւ մաթեմատիկայի ոլորտի (ԳՏՃՄ) ոլորտի 100 կին:
Յանա Շախրամանյան Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի