09:02 | 01.06.24 | Նորություններ | 1623

Մեկնարկել է «Ներուժ 5.0» ծրագրի հայտերի ընդունումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնել է «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը:

Նախարարությունից հայտնում են, որ ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը, մասնագիտական հայրենադարձությունը եւ համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավումը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում:

Շուրջ 40 թիմեր հրավիրվելու են Հայաստան՝ մասնակցելու Դիլիջանում կայանալիք 6-օրյա միջոցառմանը, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների եւ անհատական մենտորության հնարավորություններ:

Ծրագրին կարող են մասնակցել տեխնոլոգիական եւ նորարարական ստարտափ գաղափարներ ունեցող այն թիմերը՝

•    որոնց անդամների կեսը սփյուռքահայեր են,
•    առնվազն 5 տարի ապրում են սփյուռքում եւ ունեն տվյալ երկրի քաղաքացիություն կամ օրինական բնակության այլ կարգավիճակ
•    ՀՀ քաղաքացի չհանդիսացող սփյուռքահայեր են, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող սփյուռքահայեր,
•    հայրենադարձվել են վերջին 6 ամիսների ընթացքում,
•    դրամաշնորհ ստանալու պարագայում պատրաստ են վերադառնալ Հայաստան, հիմնել ընկերություն եւ մեկ տարի զբաղվել տնտեսական գործունեությամբ:

Հաղթելու դեպքում՝ «Գաղափարի փուլ» եւ «Աճի փուլ» անվանակարգերով, կտրամադրվեն դրամաշնորհներ հետեւյալ չափերով.

• Գաղափարի փուլ՝

- 1-ին տեղ՝ 15 մլն ՀՀ դրամ
- 2-րդ տեղ՝ 10 մլն ՀՀ դրամ
- 3-րդ տեղ՝ 5 մլն ՀՀ դրամ

• Աճի փուլ՝

- 1-ին տեղ՝ 30 մլն ՀՀ դրամ
- 2-րդ տեղ՝ 20 մլն ՀՀ դրամ
- 3-րդ տեղ՝ 10 մլն ՀՀ դրամ

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել "Neruzh 5.0" Diaspore Tech Startup Program - Gust հղումով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թ. հունիսի 30-ը, ժամը՝ 18:00-ն:

Հավելյալ տեղեկությունների համար անցեք հետեւյալ հղումով։

Հարցերի դեպքում՝ զանգահարել՝  010 59 01 74, 010 59 01 24 հեռախոսահամարներով կամ գրել հետեւյալ էլ. հասցեին՝ neruzh@hti.am: