15:18 | 14.05.24 | Նորություններ | 10404

Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառման

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է «Միջազգային կորպորացիաների եւ ներդրողների դերը որպես բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման կատալիզատոր» խորագրով պանելային քննարկմանը։

Միջոցառումը կազմակերպել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հովանու ներքո։

«Այսօր մենք պատիվ ունենք հյուրընկալելու մի խումբ մասնագետների՝ տարբեր միջազգային ու տեղական ընկերություններից։ Ձեր աշխատանքը, փորձը եւ Հայաստանում բիզնես մթնոլորտ ձեւավորելուն ուղղված ջանքերն անգնահատելի են։ Անկախ նրանից, թե դուք ներդրող եք, քաղաքականություն մշակող, թե տեխնոլոգիական ոլորտի առաջնորդ, ձեր ներդրումն այսօր չափազանց կարեւոր է։ Եկեք միասին ոգեշնչենք եւ ոգեշնչվենք՝ աշխատելով ավելի ինտեգրված եւ նորարական ապագա ստեղծելու ուղղությամբ», - ասել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան։

Ռալֆ Յիրիկյանը պանելային քննարկման ժամանակ խոսել է թվային տրանսֆորմացիայի մասին եւ այն բաղադրիչների, որոնք անհրաժեշտ են պետական եւ մասնավոր հատվածների արդյունավետ համագործակցության համար, որպեսզի հեռահաղորդակցության ոլորտը տեխնոլոգիական զարգացում ապրի։

«Թվային տրանսֆորմացիան անխոս այսօր անհրաժեշտություն է, թվային լուծումները ցանկացած գործընթացի արագությունն ու արդյունավետությունը կարող են բազմապատկել։ Նման փոփոխությունն օգտակար է բոլորի համար՝ պետության, հանրության, բիզնեսի, բայց այս ոլորտում հիմնական խնդիրն ամենեւին թվային լուծումները չեն։ Շատ ավելի առաջնային է գրագետ հաղորդակցությունը, որպեսզի ներգրավված բոլոր մասնակիցները գիտակցեն թվային լուծումների հնարավորություններն ու կարեւորությունը։ Միայն այդ ժամանակ մենք կկարողանանք զգալի արդյունքներ ունենալ», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։