10:16 | 19.04.24 | Նորություններ | 1826
Օրերս կայացած DDF 2024 ամենամյա միջազգային համաժողովի ընթացքում Fastex էկոհամակարգը, Ucraft ընկերությունը եւ Hoory AI օգնականն արժանացել են համաժողովի կազմակերպիչների կողմից սահմանված հատուկ մրցանակների։
Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում։ Էկոհամակարգն ունի ավելի քան 250 000 օգտատեր եւ ավելի քան 500 գործընկեր ամբողջ աշխարհում, նպաստում է բիզնեսների եւ օգտատերերի միջեւ գործարքային տվյալների նկատմամբ սեփականության մակարդակի բարձրացմանը։
«Շատ ուրախ եմ, որ Ֆասթեքսը եւս այս տարի միացել է որպես բլոկչեյն գործընկեր, ինչպես նաեւ էկոհամակարգից Ucraft ընկերությունը՝ որպես տեխնոլոգիական գործընկեր: Շատ կարեւորում եմ Hoory-ի մասնակցությունը, որովհետեւ արհեստական բանականությունից շատ ենք խոսելու, այո՛, իհարկե արհեստական բանականության լեզուն անգլերենն է, բայց մենք եւս որպես երկիր, որն ունի իր թվայնացման օրակարգը, պետք է ունենանք նաեւ արհեստական բանականություն, որը խոսում է, հասկանում եւ լուծումներ է առաջարկում հենց մեր մայրենի լեզվով», - ընդգծել է DDF 2024 համաժողովի հիմնադիր, SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթեւիկ Սիմոնյանը։
Fastex-ի գործընկեր՝ 2014 թվականին հիմնադրված Ucraft ընկերությունն էլ ճանաչվել է լավագույնը վեբ-դիզայնի միտումները ձեւավորելու գործում։ Վայելելով 360 000 ակտիվ օգտատերերի վստահությունն ամբողջ աշխարհում՝ Ucraft-ը տրամադրում է հեշտ կիրառելի վեբ-գործիքակազմ, որպեսզի անհատներն ու ձեռնարկությունները նվազագույն ջանքերի գործադրմամբ խթանեն ու կառավարեն իրենց առցանց ներկայությունը եւ գործունեությունը։
Հայերեն հաղորդակցման համար մրցանակի է արժանացել նաեւ Hoory արհեստական բանականությամբ աշխատող օգնականը, որը կարողանում է բիզնեսների եւ անհատների փոխարեն AI զրույցներ վարել՝ սպասարկման գործընթացն ավտոմատացնելու եւ հաճախորդների մեծածավալ հարցումներին արագ պատասխանելու նպատակով։
DDF 2024-ի հովանավոր հանդիսացող Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը համաժողովի ընթացքում մասնակցել է «Ֆինանսների ապագան» խորագրով պանելային քննարկմանը, որի մոդերատորն աշխարհահռչակ ֆուտուրիստ, բազմաթիվ բեսթսելերների հեղինակ, Moven-ի հիմնադիր Բրեթ Քինգն էր։
«Ֆասթեքսն արդեն մեծ աշխարհագրական տարածում ունի. Հոնգ Կոնգից մինչեւ Եվրոպա, Միացյալ Արաբական Էմիրություններ: Շատ կարեւոր է, որ Հայաստանում եւս ձեւավորվի համապատասխան բարենպաստ միջավայր, որպեսզի այնպիսի բիզնեսն ինչպես Ֆասթեքսն է, շահագրգռված լինի ներկայացված լինելու Հայաստանում: Վստահ եմ, որ այդ ուղղությամբ աշխատանքներ արդեն իսկ գնում են, գիտեմ, որ մոտ ապագայում ականատես կլինենք Ֆասթեքսի մուտքին հայաստանյան շուկա», - ասել է Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը։
Թվային փոխակերպմամբ եւ թվային տնտեսության զարգացմամբ հետաքրքրված ունկնդիրները «Թվային տնտեսություն։ Բացահայտելով գեներատիվ արհեստական բանականությունը» պանելային քննարկման ընթացքում ծանոթացել են նաեւ Ucraft-ի եւ Hoory-ի հիմնադիր տնօրեն Գեւորգ Բալյանի տեսլականին։
«Դրիմ պլատֆորմը, որտեղ Ucraft-ն ու Hoory-ն մաս են կազմում, նաեւ Fastexverse-ը, նորարարական լուծումներ են տալիս բիզնեսներին։ Կարծում եմ, որ գոնե 1-ից 2 տարվա ընթացքում լիքը հայկական բիզնեսներ կներդնեն AI-ը իրենց բիզնեսում, կխթանեն եւ կվարեն օնլայն e-commerce Ucraft-ի միջոցով եւ՛ օնլայն, եւ՛ օֆլայն մետավերսում», - նշել է Գեւորգ Բալյանը։
Այս տարի DDF-ը հյուրընկալել էր 20-ց ավելի միջազգային խոսնակի ՀՀ Կենտրոնական բանկից, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունից, Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանից, Հայաստանի Ամերիկյան համալսարանից, Visa-ից, Deloitte-ից, ICDT Global-ից, Moven-ից, Just Better-ից, People Growth Organization-ից, Ամերիաբանկից, ArCa-ից, Ucom-ից, Balchug Capital-ից, Apricot Capital-ից, Fastex-ից, Ucraft-ից եւ Hoory-ից։