12:13 | 18.04.24 | Նորություններ | 7985

Ամստերդամում Թումո կենտրոն կբացվի

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտնել է, որ Նիդերլանդների առաջին Թումո կենտրոնը կբացվի 2025 թվականի սկզբում:

Կենտրոնում կսովորի մինչեւ 1000 ուսանող, իսկ մոտ ապագայում կհիմնվի նաեւ 2 Թումո տուփ՝ նորարարական կրթություն ստանալու հնարավորություն տալով եւս մի քանի հարյուր պատանու:

Կենտրոնը կբացվի Ամստերդամ-Զյուիդոստ շրջանում եւ կդառնա OBA Next նորարարական լաբի, իսկ հետագայում՝ Ամստերդամի «Ապագայի գրադարանի» մի մասը: Ամստերդամցի պատանիները կուսումնասիրեն 8 թումոյական ոլորտ, որոնցից 5-ն արդեն հայտնի է․ խաղերի մշակում, ծրագրավորում, ռոբոտաշինություն, նկարչություն եւ երաժշտություն, իսկ հաջորդ 3-ը կընտրվի ապագա ուսանողների եւ նրանց ծնողների կողմից՝ բաց քվեարկությամբ:

Նախագծի պաշտոնական մեկնարկը տրվել է ապրիլի 16-ին՝ Թումոյի զարգացման տնօրեն Բեկոր Փափազյանի եւ նիդերլանդական կողմի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Թումո Ամստերդամը հնարավոր կդառնա շնորհիվ հանրային եւ մասնավոր սեկտորների գործընկերության, որի մաս են կազմում Ամստերդամի քաղաքապետարանն ու հանրային գրադարանը, ինչպես նաեւ TomTom, Adyen, Just Eat Takeaway.com եւ Miro ընկերությունները:

Թումո Ամստերդամը կդառնա 10-րդ միջազգային Թումո կենտրոնը: Հայաստանում ստեղծված նախագիծն արդեն գործում է Փարիզում, Լիոնում, Բեռլինում, Մանհեյմում, Ցյուրիխում, Կոիմբրայում, Կիեւում, Տիրանայում եւ Բեյրութում: