11:42 | 18.04.24 | Նորություններ | 17762

Վիվա-ՄՏՍ-ի շնորհիվ Կոթիում գործարկվել է արդի տեխնոլոգիաներով համակարգ

2019 թվականից սկսած՝ Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հետեւողական են սահմանապահ Կոթիում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ենթակառուցվածքներ զարգացնելու եւ էկոգյուղերի ցանց ստեղծելու հարցում:

Թե որքանով է դա կարեւոր շուրջ 38 կմ երկարությամբ սահմանագիծ ունեցող գյուղի համար, բնակիչների համար ակնհայտ է: Կոթեցիներն իրենց անվտանգության եւ առավել հանգիստ հոգեվիճակին զուգահեռ նաեւ այլ տեսանկյունից են գնահատում տարեցտարի ավելացող լուսավորված փողոցների առկայությունը: Ժամանակակից LED լուսարձակների լուսատվությունը բարձր է, սպառած էներգիան՝ քիչ, դրանց շնորհիվ համայնքում տնտեսվող միջոցներն էլ՝ զգալի: Համակարգն աշխատում է ավտոմատ՝ բնական լույսի հետ կարգավորվելու հնարավորությամբ: Իսկ վերջին տարում արդիականացվել է նաեւ կառավարումը. հին վահանակները փոխարինվել են նորերով: Դա թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում կառավարումն իրականացնել հեռավար՝ բջջայինով արվող հեռախոսազանգով անջատել կամ միացնել լույսերը կամ էլ սահմանել ժամային նոր գրաֆիկ:

«Կոթիում նույնիսկ ամենածայրամասային փողոցները կարեւոր նշանակություն ունեն: Դրանք սահմանին ավելի մոտ են՝ երբեմն ուղիղ գծով 1200 մ հեռավորության վրա: Այստեղ լուսավորության ցանցի կառուցումն իր կարեւոր դերն ունի եւ´ անվտանգային, եւ´ հոգեբանական առումով: Երբ հակառակորդը տեսնում է սահմանապահ գյուղի լուսավորությունը, հասկանում է, որ շարժ կա, եւ որ այստեղ ապրում են: Համակարգն աշխատում է ավտոմատ ռեժիմով, բայց նոր տեխնոլոգիաներն առավել մեծ հնարավորություններ են տալիս»,- ասել է Կոթիի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը:

Վերջին տարում Կոթիում լուսավորվել է 5 փողոց, որից երկուսն առավել կարեւոր նշանակության են՝ սահմանին մոտ են: Սահմանից դրանց հեռավորությունը ուղիղ գծով հազիվ է գերազանցում մեկ կիլոմետրը: Հերթական ծրագրով այստեղ տեղադրվել է 59 LED լուսարձակ, լուսավորվել է շուրջ 2300 մ ճանապարհահատված: Ընդհանուր առմամբ, 5 տարվա ընթացքում Կոթիում տեղադրվել է 207 LED լուսարձակ, լուսավորվել է շուրջ 8 կմ տարածք: Ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախորդ տարիներին արտաքին լուսավորության հենասյուների տրամադրման եւ դրանց տեղադրման համար նախատեսված փոսորակները փորելու գործում իր ներդրումն է կատարել նաեւ համայնքը:

Գործընկեր կազմակերպությունների՝ Վիվա-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցությունը հեռավոր մարզերում բնակվողների համար կարեւոր է մի քանի տեսանկյունից: Կառավարման արդի համակարգերի ներդնումն ու էկոգյուղերի ցանցի ձեւավորումը թույլ են տալիս ապահովել երկարաժամկետ արդյունք, մեղմել մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը եւ հնարավորինս կանխել արտագաղթը: Բացի այդ, լուսադիոդային լամպերը սպառում են 80%-ով պակաս էներգիա՝ ապահովելով բարձր լուսատվություն: