13:03 | 02.04.24 | Նորություններ | 16248
Արդեն 17 տարի Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է աուտիզմ ունեցող երեխաների խնդիրներով զբաղվող կենտրոնին:
Այդ նպատակով այս տարիների ընթացքում ընկերությունը ներդրել է ավելի քան 246 մլն դրամ: «Իմ ուղին» իր աշխատանքն սկսել է 2006 թվականին՝ 5 մասնագետի հետ աջակցելով 5 ընտանիքի: Այսօր կենտրոն է հաճախում 200 երեխա, եւս 12-ը միացել է Արցախից: 60 մասնագետ իրականացնում է կրթաբուժական համալիր ծրագիր՝ խոսքի զարգացման, արվեստի, այդ թվում՝ երաժշտության, զբաղվածության, ավազաթերապիայի եւ այլի միջոցով: Կենտրոնի աշխատակիցները պարբերաբար վերապատրաստվում են:
Նրանց համար ամենամեծ նվաճումը տարեվերջին արձանագրվող արդյունքն է՝ սաների աշխարհընկալման փոփոխությունն ու հաղորդակցվելու պատրաստ երեխաների թվի աճը: Կենտրոնն ունի իր կարգախոսը՝ «Ես ձեզ նման չեմ, ես ձեզնից մեկն եմ»:
Վարդանը սիրում է նվագել, բայց՝ ակադեմիական կրթությունից տարբերվող, անսովոր մոտեցմամբ: Ճանաչում է նոտաները, բայց դրանց նայելու անհրաժեշտություն գրեթե չունի. հիշողությունը ֆենոմենալ է: Երաժշտության նկատմամբ առաջին արձագանքն ու այն նույնությամբ վերարտադրելու փորձն արել է 5 տարեկանում, երբ սկսել է հաճախել Երեխաների զարգացման միջազգային կենտրոն, որն այժմ «Աուտիզմ» ազգային հիմնադրամի «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական եւ մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնն է։
Վարդանի արտասովոր ունակությունները բացահայտած երաժշտաթերապեւտ Մարինա Մելիքսեթյանն այդ առանձնահատկությունը դարձրել է երեխային ներփակված աշխարհից մեկ այլ իրականություն տանելու կամուրջ: Մասնագետների, ծնողների եւ «Իմ ուղի» կենտրոնի գործընկեր Վիվա-ՄՏՍ-ի՝ տարիների հաջողված աշխատանքը Վարդանին երաժշտաթերապիայից հասցրել է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ, ապա՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա:
«Արդեն երեսուն տարի դասավանդում եմ կոնսերվատորիայում: Ինձ մոտ տարբեր ունակություններով մարդիկ են սովորում: Յուրաքանչյուրը մոտեցման իր ձեւն է պահանջում: Վարդանն առաջինն է, որի հետ շփումը տարբերվում է. ես չգիտեի պրոֆեսիոնալ խնդիրներն ինչպես իրեն մատուցել: Հետո հասկացա, որ ինքը շատ յուրահատուկ տղա է, ֆանտաստիկ ունակություններ եւ հիշողություն ունի, էմոցիոնալ ինֆորմացիան շատ լավ է ընկալում: Անգամ ձեռքի շարժումը, որը կախված է ֆրազայից, միանգամից է զգում: Ինձ թվում է՝ գտել եմ իր հետ հաղորդակցվելու հատուկ լեզուն: Եթե մեզ հաջողվի պատրաստվել եւ նվագախմբի հետ կատարել Բախի հայտնի կոնցերտը, հրաշք կլինի», - ասել է կոնսերվատորիայի դասախոս Էռնեստ Մանգուլյանը:
«Առանց սիրո էս ոլորտում դժվար կլիներ աշխատել: Ինչ հաղթահարել ենք, հաղթահարել ենք քայլ առ քայլ՝ գործընկերների եւ ծնողների ներգրավմամբ: Միշտ Վիվայի գործունեությունը եղել է երկար տարիների եւ շարունակական: Ամենամեծ արդյունքն այդ շարունակելիության մեջ է: Մենք ունենք Թերլեմեզյանում սովորող, ունենք աշխատող: Էս տարիների ընթացքում կարողացել ենք բավականին հաջողված պատմություններ ունենալ: Նորից պիտի նշեմ, որ դա հաջողված գործընկերությունների շնորհիվ է, եւ ամենակարեւորներից մեկն իհարկե Վիվա-ՄՏՍ-ի հետ գործընկերությունն է»,-ասել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամի տնօրեն Լիլիթ Աթաջանյանը:
«Իմ ուղի» կենտրոնն անցկացնում է աուտիկ սպեկտրի խնդիրներ ունեցող երեխաների եւ դեռահասների համար նախատեսված՝ հատուկ, տարիքային, լավագույն փորձի վրա հիմնված թերապիա եւ մասնագիտական ուսուցում, ստեղծում է նրանց հետագա զարգացման եւ հասարակության մեջ ինտեգրվելու հիմքեր՝ աշխատանքի հետագա հնարավորություններով: