17:47 | 01.04.24 | Նորություններ | exclusive 1019

Կարեն Գյուլբուդաղյան. «Թունելային մտածողությունը» հիմնական խոչընդոտներից է

Berkeley SkyDeck-ի առաջին համաշխարհային դեսպան, Strategic Value Ventures ընկերության հիմնադիր Կարեն Գյուլբուդաղյանը կարծում է, որ «թունելային մտածողությունը» այն խոչընդոտներից է, որոնք թույլ չեն տալիս հայկական ստարթափերին եւ թիմերին հավակնոտ նպատակներ սահմանել:

«Մեկնարկի՛ր» կրթական ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը Կարեն Գյուլբուդաղյանն ասել է, որ այն մտածողության հետեւանքով մարդիկ հաճախ լավ չեն պատկերացնում համատեքստը, որի մեջ պետք է ստեղծվի եւ զարգանա իրենց պրոդուկտը:

«Համոզված եմ, որ տարբեր կրթական ծրագրերի եւ նախաձեռնությունների հիմնական նպատակը պետք է լինի ցույց տալ, թե որքան լայն է հորիզոնը», - նկատել է նա:

Ավագ դպրոցների աշակերտների համար նախատեսված «Մեկնարկի՛ր» ծրագիրն իրականացնում են «Հայկական օնլայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն եւ Մեդիամաքս մեդիա-ընկերությունը՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ։

photo © Մեդիամաքս


Խոսելով այն մասին, թե ինչպես է ընտրում ստարթափերը, Strategic Value Ventures-ի հիմնադիրն ասել է, որ ուշադրություն է դարձնում ոչ միայն թիմերի հավակնություններին, այլեւ դրանց կառուցվածքին:

«Եթե թիմում միայն ինժեներներ են, դա դեռ ստարթափ չէ, այլ գիտական խումբ: Ինժեներները կարող են շատ տաղանդավոր լինել, բայց պարզ չէ, թե ով է զբաղվելու, օրինակ, պրոդուկտի առաջխաղացմամբ», - նշել է Կարեն Գյուլբուդաղյանը:

Նա հայտնել է, որ Բերքլիի համալսարանի աքսելեացիոն ծրագրին վերջին տարիներին մասնակցել են ընդհանուր առմամբ 25 հայկական թիմեր եւ ընկերություններ, եւ բոլորը շարունակում են իրենց գործունեությունը:

«2016-2017 թվականներին, երբ մեկնարկում էի ծրագիրը, Բերքլիում Հայաստանի մասին գրեթե ոչինչ չգիտեին: Իսկ այսօր այնտեղ ցանկանում են ավելի շատ հայկական թիմեր ներգրավել», - պատմել է Կարեն Գյուլբուդաղյանը: