11:51 | 12.03.24 | Նորություններ | 1108

Թումոն կվերակառուցի Գյումրիի պատմական շուկան

Թումոն կվերակառուցի Գյումրիի շուկան եւ կհիմնադրի միջազգային խոհարարական դպրոց:

Մարտի 11-ին Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը եւ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը ստորագրել են համաձայնագիր, ըստ որի ԵՄ-ն կտրամադրի 2.5 միլիոն եվրո՝ Գյումրիի հին շուկայի վերակառուցման, միջազգային խոհարարական դպրոցի հիմնադրման եւ տնտեսական զարգացման խթանմանն ուղղված երկարաժամկետ ծրագրի իրականացման համար:

Ծրագրի նպատակն է Գյումրին դիրքավորել որպես տուրիզմի եւ խոհարարության տարածաշրջանային կենտրոն՝ մեկտեղելով հայկական խոհանոցի ժառանգությունն ու նորարարական մոտեցումները:

Ծրագրի առանցքը միջազգային մակարդակի կրթություն ապահովող խոհարարական դպրոցն է, որի ուսումնական ծրագրի մշակման նպատակով Թումոն համագործակցում է հեղինակավոր Institut Lyfe ֆրանսիական դպրոցի հետ (նախկինում՝ Institut Paul Bocuse)՝ Հայաստան բերելով խոհարարական կրթության լավագույն փորձն ու համաշխարհայնորեն ճանաչված մոտեցումները: Երկամյա կրթական ծրագիրն ավարտած լավագույն ուսանողները հնարավորություն կստանան ուսումը շարունակել Institut Lyfe-ում՝ ֆրանսիական Լիոն քաղաքում:

«Հայ խոհարարների նոր սերնդի զարգացման նպատակով կստեղծվի յուրահատուկ կրթական փորձառություն, որում ֆրանսիական աշխարհահռչակ դպրոցի ուսումնական ծրագիրը կհամալրվի Թումո ստուդիաների՝ արդեն Հայաստանում փորձված մոտեցումների հետ: Ուսանողները հիմնական ուսուցումը կհամատեղեն միջազգային փորձագետների կողմից իրականացվող աշխատարանների հետ», – նշել է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Դպրոցում բարձրակարգ խոհարարական հմտություններ ստանալու հնարավորություն կունենա տարեկան 30 ուսանող, որոնց մեծ մասը կստանա կրթաթոշակ եւ կսովորի անվճար:

Ծրագիրը կիրականացվի Գյումրիի հին շուկայի տարածքում. տարիներ շարունակ լքված եւ գրեթե ամբողջությամբ ավերված շուկայի շենքը Թումոյի կողմից կվերակառուցվի եւ կվերածվի կրթական, խոհարարական եւ տնտեսական զարգացման հանգույցի, որտեղ բացի խոհարարական դպրոցից, կտեղակայվեն նաեւ կրթական տարածքներ աշխատարանների եւ այլ ուսումնական միջոցառումների անցկացման համար, առեւտրի տաղավարներ, որոնք տեղի առեւտրականներին հնարավորություն կտան աշխատել ապահով եւ հիգիենիկ պայմաններում, ռեստորաններ, արվեստի գործերի եւ ձեռագործ իրերի խանութներ, փառատոնների, համերգների, տոնավաճառների եւ տուրիստական միջոցառումների անցկացման տարածք։

Շուկայի եւ խոհարարական դպրոցի բացումը նախատեսվում է 2026 թվականին։

Ի հավելումն ԵՄ ֆինանսավորման, նախագիծը կիրականացվի նաեւ Թումոյի աջակիցներ Ջուդիթ Սարյանի եւ Վիկտոր Զարուգյանի, ինչպես նաեւ Ճոն եւ Հասմիկ Մկրտիչեան հիմնադրամի (JHM) աջակցությամբ: