10:51 | 11.03.24 | Նորություններ | exclusive 12429

FAST-ի փոխնախագահը «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակիցներին պատմել է idea killing-ի մասին

FAST հիմնադրամի փոխնախագահ Սյուզաննա Շամախյանն ասել է, որ իրենց նպատակներից մեկն այն է, որ Հայաստանում ծնվող եւ համաշխարհային հաջողության հասնող ընկերությունները ոչ թե բացառություն լինեն, այլ օրինաչափություն դառնան:

«Մեկնարկի՛ր» կրթական ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը Սյուզաննա Շամախյանը պատմել է, որ 7 տարվա ընթացքում FAST-ը 25 ծրագիր է իրականացնել, որոնցից 10-ն ուղղված են եղել ստարթափերի եւ դրանց մշակած պրուդուկտների առեւտրայնացմանը:

Ավագ դպրոցների աշակերտների համար նախատեսված «Մեկնարկի՛ր» ծրագիրն
իրականացնում են «Հայկական օնլայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն եւ Մեդիամաքս մեդիա-ընկերությունը՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ։


Սյուզաննա Շամախյանն ասել է, որ այսօր Հայաստանում ստարթափերի զարգացման համար միջոցների պակաս չկա: «Հասանելի կապիտալն ավելի շատ է, քան որակյալ թիմերն ու նորարար գաղափարները», - նկատել է նա: Միաժամանակ FAST փոխնախագահը խորհուրդ է տվել ստարթափերին «չամուսնանալ» իրենց գաղափարի հետ, քանի որ այդ դեպքում հիմնադիրները կորցնում են իրենց թերությունները նկատելու ունակությունը:

Սյուզաննա Շամախյանն ասել է, որ ինկուբացիոն եւ աքսելերացիոն ծրագրերը եւս հաճախ քննադատական մոտեցում չեն ցուցաբերում, քանի որ կասկածի տակ դնելը իրենց գործառույթը չէ: Նա վկայակոչել է վերջերս արված մի հետազոտություն, որի համաձայն աշխարհում մեկ սթարթափի վրա միջինում 15 մլն դոլար է ծախսվում մինչեւ այն պահը, երբ պարզ է դառնում, որ այն շուկայում հեռանկար չունի:

Սյուզաննա Շամախյանը պատմել է, որ FAST-ում մշտապես կիրառվում է idea killing վարժանքը, որի ընթացքում ոլորտի մասնագետները փորձում են վեր հանել բոլոր այն պատճառները, որոնցից ելնելով ստարթափը կարող է հաջողություն չունենալ:

Նրա խոսքով, երբեմն օգտակար է այս վարժանքին մասնակից դարձնել նաեւ ոչ մասնագետներին, որոնք խնդրին կնայեն պրոդուկտի ապագա սպառողի աչքով ու միգուցե արժեքավոր դիտողություններ կամ առաջարկներ կունենան:

Սյուզաննա Շամախյանը «Մեկնարկի՛ր»-ի մասնակիցներին խորհուրդ է տվել ունենալ ոչ թե մեկ, այլ մի քանի գաղափար ու եթե պարզվի, որ առաջնային գաղափարը կենսունակ չէ, աշխատել ուրիշների վրա:

«Ամենակարեւոր հարցերից մեկը սա է. ձեր գաղափարը առաջ տանելով՝
դուք ուզում եք իրական խնդիր լուծե՞լ, թե ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել: Գերակայող պետք է լինի առաջինը: Նաեւ պետք է գիտակցեք, որ իսկական ձեռնարկատերն այն մարդն է, ով շատ է մտածում, հարցեր է տալիս, պայմանական ասած, փորձում է հինգ շերտ ներքեւ իջնել եւ այնտեղ պատասխաններ գտնել», - դպրոցականներին ասել է Սյուզաննա Շամախյանը: