12:16 | 01.03.24 | Նորություններ | 1508

Թումո Ակադեմիան ընդունում է հայտեր

Թումոն հայտարարել է անվճար ուսման եւ Թումո դասընթացավար դառնալու ծրագրի նոր փուլի մեկնարկի մասին։

Ակադեմիա կարող են դիմել 21 տարեկանը լրացած բոլոր այն անձինք, որոնք ցանկանում են զրոյից նոր մասնագիտություն ձեռք բերել տեխնոլոգիաների եւ դիզայնի ոլորտներում, աշխատանքի անցնել որպես կրտսեր դասընթացավար:

Թումո ակադեմիան հնարավորություն է տալիս.

•    ձեռք բերել դասընթացավարի մասնագիտություն՝ սովորելով զրոյից եւ անվճար,
•    ուսման ողջ ընթացքում ստանալ կրթաթոշակ,
•    կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում աշխատանքի անցնել Գյումրիի, Դիլիջանի, Եղեգնաձորի, Կապանի կամ Կողբի Թումո կենտրոններից մեկում։

Թումո ակադեմիա ընդունվելու համար մասնագիտական փորձ, կրթություն կամ ոլորտային գիտելիքներ չեն պահանջվում: Վեցամսյա ինտենսիվ ծրագիրը հնարավորություն է տալիս զրոյից ուսումնասիրել Թումոյի կրթական ոլորտներից մեկը եւ ձեռք բերել անհրաժեշտ բոլոր հմտություններն ու գիտելիքները:

Ակադեմիայի կրթական ծրագիրը բաղկացած է երկու փուլից՝ ուսում եւ դասավանդում: Ուսման փուլի (առաջինից երրորդ ամիս) ընթացքում ուսանողները կկենտրոնանան իրենց ընտրած ոլորտի ուսումնասիրման վրա, իսկ դասավանդման փուլում (չորրորդից վեցերորդ ամիս) կանցնեն պրակտիկա իրենց ընտրած Թումո կենտրոնում:

Ծրագրի ողջ ընթացքում բոլոր մասնակիցները կստանան կրթաթոշակ՝ 1-3 ամսվա ընթացքում ամսական 75,000 դրամի չափով, իսկ 4-6 ամսվա ընթացքում՝ 120,000 դրամի չափով:

Ակադեմիայի կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտած բոլոր ուսանողներն ապահովվում են աշխատանքով եւ միանում Թումոյի նորարարական թիմին:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 30-ն է: Թումո ակադեմիայի մասին ավելին իմանալ եւ դիմել հնարավոր է այստեղ։