17:03 | 29.02.24 | Նորություններ | 14475

Վիվա-ՄՏՍ-ի «Անհատական օգնական» ծրագիրը կարծրատիպեր է կոտրում մարզերում

Վիվա-ՄՏՍ-ի եւ «ՍՈՐՍ» հիմնադրամի ջանքերով արդեն ութ տարի իրականացվում է «Անհատական օգնական» ծրագիրը։  

Հայաստանում այս ծառայությունը դարձել է չափազանց անհրաժեշտ եւ պահանջված՝ միջին եւ ծանր հաշմանդամություն ունեցող երեխաների եւ նրանց ընտանիքների համար։

Գյումրեցի 12-ամյա Ջուլիետայի ծնողները մանկական ուղեղային կաթվածով (ՄՈՒԿ) իրենց երեխայի վարքագծում դրական դինամիկա են նկատում: Երկու տարվա մեջ՝ ութ ամսվա ընթացքում իրականացված ծրագրի արդյունքում, աղջկա մոտ գրեթե վերացել է մեկուսանալու, միայն սահմանափակ շփումների ձգտումը եւ բացառապես մայրիկից կախվածությունը:

Անհատական օգնականի նեղ մասնագիտական աջակցության շնորհիվ նա սոցիալացվել է, զարգացրել է մանր մոտորիկան, դարձել ավելի հանգիստ ու կենտրոնացված: Փոփոխություն կա նաեւ ընտանիքում. երիտասարդ տանտիրուհին սկսել է մտածել ինքնադրսեւորման, աշխատանքային զբաղվածության հարցերի եւ ամուսնուն օգնելու շուրջ, սկսել է զբաղվել հրուշակագործությամբ:

Գործընկեր կազմակերպությունների՝ Վիվա-ՄՏՍ-ի եւ «ՍՈՐՍ» հիմնադրամի համար կարեւոր է ոչ միայն ծրագրի արդյունավետ ընթացքը, այլեւ դրա շարունակական ազդեցությունը, մասնավորապես՝ երեխայի կայուն վարքագծի պահպանումը, սոցիալացման հետագա դինամիկան: Վերջին երեք տարվա ընթացքում «Անհատական օգնական» ծրագիրն ընդլայնել է աշխարհագրությունը՝ ներառելով նաեւ բոլոր մարզերը: 2023 թվականին ծրագրից օգտվել է 40 ընտանիք: Նրանցից 2 տասնյակը սպասարկվել է տարբեր մարզերում: