15:38 | 16.02.24 | Նորություններ | 1802

STAN հրեշտակների ցանցը $85 հազար է ներդրել GembaPro-ում

Գիտության եւ տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը (STAN) հայտարարել է GembaPro ընկերությունում 85 հազար դոլար ներդրում կատարելու մասին։

STAN-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, հրեշտակ ներդրող Ալեքսանդր Մետերիսյանը կմիանա GembaPro-ի խորհրդին՝ աջակցելու ստարտափին իր տիրույթի փորձով եւ համաշխարհային հանքարդյունաբերության ոլորտում գործարար կապերով: Սա STAN-ի պորտֆոլիոյի 16-րդ ստարտափն է։

GembaPro-ն հիմնադրվել է 2022 թվականին։ GembaPro-ն ինտերակտիվ վերապատրաստման ծրագիր է ծանր արդյունաբերության ոլորտում աշխատողների համար, որն օգնում է նրանց լրացնել ոլորտում առկա 2,5 տրիլիոն դոլար արտադրողականության բացը: Ընկերությունը համագործակցում է մետաղների արտադրության համաշխարհային առաջատար ընկերությունների հետ եւ պատրաստվում է մեծացնել իր շուկան Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում ու Հարավային Աֆրիկայում:

«Ի սկզբանե GembaPro-ն կենտրոնացած է եղել վերապատրաստման նորարարական լուծումների միջոցով լրացնել ծանր արդյունաբերության արտադրողականության բացը։ STAN-ի այս ներդրումը ոչ միայն հաստատում է մեր տեսլականը, այլեւ մեզ մղում է գլոբալ շուկայի ընդլայնում», - նշել է Անդրանիկ (Անդո) Կոնստանտինիդին՝ GembaPro-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրենը:

«Որպես հրեշտակ ներդրող՝ ես փնտրում եմ ստարտափներ, որոնք պատրաստ են համաշխարհային հաջողության: Թվայնացման համար հասուն շուկայով, բացառիկ հիմնադիր թիմով GembaPro-ն ճիշտ ժամանակին հրաշալի առաջարկով է հանդես գալիս շուկայում: Ես ուրախ եմ ներդրումներ կատարել GembaPro-ում եւ միանալ դրա խորհրդին», - ասել է STAN-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, հրեշտակ ներդրող Ալեքսանդր Մետերիսյանը։

Նշենք, որ GembaPro-ն միջազգային առաջատար Alchemist Accelerator ծրագրի շրջանավարտ է։ Վերջերս ընկերությունը հայտարարել էր Start-Up Chile Ignite դրամաշնորհային եւ աքսելերացիոն ծրագրում ընդգրկվելու մասին: