11:23 | 05.02.24 | Նորություններ | 919

ԱՏՁՄ-ի հայտարարությունը՝ Աշոտ Հովհաննիսյանի ձերբակալության մասին

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հայտարարություն է տարածել եւ իր խորին մտահոգությունը հայտնել «Սիներջի» (Synergy Armenia) ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի եւ եւս երկու աշխատակցի ձերբակալության վերաբերյալ:

Միության հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Նման վերաբերմունքը ոչ միայն վնաս է հասցնում նշված անձանց՝ տարիներով ձեռքբերած, իրենց ղեկավարած կառույցի կամ ոլորտի համբավին, այլեւ Հայաստանի Հանրապետությանը, որը սկսել է ընկալվել որպես դատավարական իրավունքները խախտող եւ ներդրումներ կատարելու ու բիզնես սկսելու համար ռիսկային երկիր։

Նման օրինակներից է հունվարի 31-ին «Սիներջի» (Synergy Armenia) ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի, ինչպես նաեւ աշխատակիցներ Լիլի Մկրյանի եւ Անի Գեւորգյանի ձերբակալումները: Նման վերաբերմունքն անընդունելի է, քանզի խաթարված համբավն, անգամ արդարացման կամ հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործը կարճելու դեպքում, վերականգնելը շատ դժվար է եւ հասցնում է այնպիսի վնաս, որի համար պատասխանատվություն ոչ ոք չի կրում։

Ինչպես տեսնում ենք, վերջին շրջանում անմիջապես կիրառվում են այնպիսի միջոցառումներ, որոնք հնարավորինս աղմկոտ կդարձնեն ձերբակալությունը՝ հանրային գործիչներին հավասարեցնելով ծանր հանցագործություններ կատարած անձանց։

Պետական նման անհեռատես վերաբերմունքը բիզնեսի ներկայացուցիչների նկատմամբ, ի վերջո, հանգեցնելու է նրան, որ ոչ միայն արտասահմանյան բարձր տեխնոլոգիական, այլեւ տեղական տեխնոլոգիական բիզնեսը կամ կդադարեցնի իր գործունեությունը, կամ ստիպված կլինի տեղափոխվել այնպիսի երկիր, որտեղ հարգվում են բոլոր, այդ թվում՝ դատավարական իրավունքները։

Կոչ ենք անում եւ հորդորում համապատասխան պետական մարմիններին զերծ մնալ անընդունելի վարքագիծ դրսեւորելու եւ անհիմն ձերբակալություններ իրականացնելու գործելաոճից, առաջնորդվել դատավարական օրենսդրությամբ նախատեսված այնպիսի միջոցներից, որոնք անհարկի եւ չվերականգնվող վնաս չեն հասցնում բիզնեսին եւ մեր երկրին»։