15:09 | 08.11.23 | Նորություններ | 1622

GPT-4 Turbo․ ինչի է ընդունակ OpenAI-ի բարելավված չատբոտը

OpenAI-ը ներկայացրել է չատբոտի նոր մոդել GPT-4 Turbo-ն, որն ավելի հզոր է եւ էժան։

Նրա գիտելիքների բազան թարմացվել է համաշխարհային իրադարձություններով մինչեւ 2023 թվականի ապրիլ, մինչդեռ GPT-4-ը գիտի միայն մինչեւ 2021 թվականի սեպտեմբեր իրադարձությունների մասին:

Նրանք նաեւ ավելացրել են մուտքային տվյալների սահմանաչափը մինչեւ 128 հազար մուտքագրման նշան. սա մոտավորապես 300 էջ տպագիր տեքստ է կամ միջին չափի գիրք: Լրացուցիչ համատեքստը թույլ է տալիս լեզվական մոդելներին ավելի լավ հասկանալ հարցումը եւ ավելի մանրամասն պատասխաններ տալ: Հիմնական GPT-4-ը կարող է կատարել մինչեւ 8 կամ 32 հազար նշանի հարցումներ՝ կախված տարբերակից:

Բացի տեքստից, մոդելը ընդունում է նաեւ նկարներով հարցումներ, ձայնային պատասխաններ է տալիս եւ գրում կոդ: GPT-4 Turbo-ի միջոցով օգտատերը կարող է նույնիսկ ընտրել ծրագրավորման լեզուն, երբ կոդ գրելու կամ վերլուծելու հարցում է տալիս:

GPT-4 Turbo-ն ներկայում հասանելի է միայն նախադիտման ռեժիմում API մշակողների համար: Օգտագործումն ավելի մատչելի է դարձել. հազար մուտքային նշանն այժմ արժե ընդամենը 1 ցենտ, իսկ ելքային նշանները՝ 3 ցենտ: GPT-4-ի արժեքը համապատասխանաբար՝ 3 եւ 6 ցենտ:

Պայմանները բարելավվել են նաեւ GPT-3.5 Turbo օգտագործողների համար: Լռելյայնորեն մոդելը կաշխատի մինչեւ 16 հազար նշանի երկարության հարցումների հետ եւ կստանա նոր GPT-4 Turbo գործառույթներ: