12:47 | 20.10.23 | Նորություններ | 7587

Ամունդի-Ակբան դարձել է Team Telecom Armenia-ի բաժնետեր

«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲ ընկերությունն իր կառավարման ներքո գտնվող Հավասարակշռված եւ Պահպանողական կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից խոշոր ներդրում է կատարել Տելեկոմ Արմենիա ԲԲ ընկերության բաժնետոմսերում՝ առաջնային հրապարակային տեղաբաշխման միջոցով։

Ընկերության ներդրումը կազմում է տեղաբաշխվող բաժնետոմսերի ընդհանուր ծավալի 20%-ը, որը համարժեք է 1 միլիարդ 648 միլիոն ՀՀ դրամին։

Սա նախադեպ է հայաստանյան կուտակային կենսաթոշակային ֆոնդերի շուրջ տասնամյա գործունեության մեջ, երբ ֆոնդերի միջոցներից ուղղակի ներդրում է կատարվում տնտեսության իրական հատվածում՝ ձեռք բերելով հայկական ընկերության բաժնետոմսեր։   

«Ամունդի-Ակբայի կողմից իրականացրած ներդրումը ոչ միայն մեծացնում է կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների դիվերսիֆիկացիան, այլեւ հնարավորություն է ընձեռում Հավասարակշռված եւ Պահպանողական ֆոնդերի շահառուներին դառնալ Տելեկոմ Արմենիա ԲԲ ընկերության անուղղակի բաժնետեր՝ օգտվելով վերջինիս զարգացման հեռանկարներից։ Այս քայլով Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն նպաստում է կապիտալի շուկայի զարգացմանը եւ կարող է լավ օրինակ հանդիսանալ այլ ընկերությունների համար»,- նշել է Ամունդի-Ակբայի գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը։

Բարձր գնահատելով Ամունդի-Ակբայի ներդրումը հայկական ընկերությունում՝ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է, որ Ամունդի-Ակբայի այս քայլով ֆոնդի մոտ 400 հազար շահառու անուղղակի կերպով դառնում է ընկերության բաժնետեր.

«Նման խոշոր միջազգային ֆինանսական կառույցի ներդրումը ցուցիչ է, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղեգծով եւ մեր երկարաժամկետ ռազմավարական ծրագրերը մշակված են տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը համապատասխան։ Շնորհակալ եմ մեր թիմի հանդեպ ունեցած վստահության համար»։

Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումն իրականացվելու է մինչեւ հոկտեմբերի 31-ը ներառյալ։

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի տեղաբաշխողն է «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունը։