ՀՀ կառավարությունն ընդունել է ««Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը։
«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգով սահմանվում են ակադեմիական քաղաք ստեղծելու նպատակներն ու խնդիրները, ակադեմիական քաղաքի կլաստերները (բաղադրիչները), ուսանողների, դասախոսների, գիտնականների ու վարչական աշխատողների նախատեսվող թիվը, այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապահովվեն ակադեմիական քաղաքում՝ ի թիվս ակադեմիական քաղաքին ներկայացվող այլ պահանջների։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ակադեմիական քաղաքի ֆիզիկական տեղադիրքի համար նախատեսվում է երկու տեղամաս՝ Երեւան քաղաքի 17-րդ թաղամասին հարող տարածքը, որի գերակշռող մասը պետական կամ համայնքային սեփականություն է, եւ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը, որոնց գումարային մակերեսը կազմում է շուրջ 700 հա:
«Ակադեմիական քաղաքի տարածքները նախատեսվելու են այն տրամաբանությամբ, որ հնարավորություն ունենան ֆիզիկապես տեղակայել մինչեւ 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչեւ ութ պետական խոշորացված բուհ եւ մինչեւ ութ մասնավոր կամ միջազգային բուհ։ Բոլոր կլաստերներում նախատեսվում է նաեւ ավագ դպրոցների առկայություն, եւ սա ապահովելու է նաեւ կրթության շարունակականությունը։
Տեխնոլոգիական ուղղությամբ ունենք պայմանավորվածություն Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի հետ, որն օգնելու է կոնցեպտուալ մոտեցումներին։ Կրթական ուղղությամբ աշխատում ենք UCL-ի (Լոնդոնի համալսարանական քոլեջ)՝ կրթության ոլորտում շատ հեղինակավոր համալսարանի հետ։ Կարծում ենք, որ այս միջազգային փորձառությունն էլ պետք է բերի ավելի ճիշտ աշխատանքների»,- նշել է նախարարը: