11:48 | 24.08.23 | Նորություններ | 1818

Դիլիջանում մեկնարկել է Ներուժ 4.0 ծրագիրը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ օգոստոսի 23-ին Դիլիջանում մեկնարկել է «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը:

«Մեր մասնակիցներն, ապրելով, կրթվելով, աշխատելով աշխարհի տարբեր երկներում, իրենց հետ Հայաստան են բերում այդ երկրների փորձը, նոր գաղափարներ ու մշակույթ, որոնք հաջողությամբ տեղայնացնելով՝ նոր մտքեր են տալիս ոլորտին»,- միջոցառման պաշտոնական բացման արարողությանն ասել է ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի խոսքով՝ «Ներուժ»-ը պետք է վերածվի տեխնոլոգիական ոլորտում «համահայկական խաղերի»՝ հնարավորություն տալով Սփյուռքի գաղթօջախներում հիմնված տեխնոլոգիական ընկերություններին եւ ստարտափներին ինստիտուցիոնալ կերպով եւ ավելի մեծ ծավալներով ներգրավվել Հայաստանի տնտեսական կյանքին, եւ տեղի ստարտափ էկոհամակարգի հետ միասին կամուրջներ կառուցի Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ։

«Ներուժ 4.0» ծրագրին մասնակցում է 22 թիմ՝ աշխարհի 7 երկրից։

ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Կանադայից, Բրազիլիայից, Գերմանիայից ծրագրին դիմած ընկերություններն ունեն գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահության, կենսատեխնոլոգիաների, կրթական տեխնոլոգիաների ուղղությունները:

Դասախոսություններով, սեմինարներով, մենտորային հանդիպումներով, մշակութային այցերով, ժամանցային միջոցառումներով հագեցած «Ներուժ 4.0» ծրագիրը շարունակվելու է մինչեւ օգոստոսի 27-ը, երբ տեղի կունենա միջոցառման փակման պաշտոնական արարողությունը եւ կհայտարարվեն ծրագրի հաղթողները, որոնց որոշելու է նախապես ձեւավորված հանձնաժողովը։