$ 1 տրիլիոն գնահատվող NVIDIA ընկերությունը մեկ տարի առաջ գրասենյակ է բացել Երեւանում։
Feminno 2023 կոնֆերանսի ընթացքում iTel.am-ը զրուցել է NVIDIA-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար, Omniverse-ի եւ սիմուլյացիոն տեխնոլոգիաների փոխնախագահ Ռեւ Լեբարեդյանի հետ:
Նա խոսել է արդյունաբերական Metaverse-ի, Գեներատիվ AI-ի, հայաստանյան գրասենյակի գործունեության եւ համաշխարհային ճգնաժամի հետեւանքով առաջացած դժվարությունների մասին։
- Արդյունաբերական Metaverse-ն ինտերնետի հաջորդ սերունդն եք համարում. թվային եւ վիրտուալ աշխարհ ստեղծելու միջոցով իրական աշխարհը կորցնելու վտանգ տեսնո՞ւմ եք։
- Եթե իրական աշխարհը վերստեղծենք վիրտուալ աշխարհ Metaverse-ում, այն, ինչ ես անվանում եմ 3D ինտերնետ, կարող ենք կորցնել մարդկանց այս նոր աշխարհում: Ես դրան հակառակ ձեւով եմ նայում։ Կարծում եմ՝ շատ մարդկանց արդեն կորցրել ենք վիրտուալում, բայց դա սոցիալական մեդիայի 2D աբստրակտ աշխարհ է: Նրանք կա՛մ դիտում են տեսանյութեր, կա՛մ հաղորդագրություններ ուղարկում, կա՛մ այլ գործողություններ կատարում սոցիալական մեդիայի հավելվածներում, ինչպիսիք են Tiktok-ը, Facebook-ը եւ այլն: Այդ աշխարհը ստեղծվել է ինձ նման մարդկանց, համակարգչային գիտնականների կողմից, այն չի կառուցվել սոցիալական տարածքներ կառուցելու մասնագետների կողմից, որտեղ մարդիկ կարող են հաճելիորեն շփվել միմյանց հետ:
Ռեւ Լեբարեդյանը
photo © NVIDIA/Feminno 2023
Մարդկությունը մեր պատմության ընթացքում զգում եւ ընկալում է աշխարհն ու միմյանց բոլոր զգայարաններով: Շատ ավելի հարուստ փորձառությամբ ու միջոցներով, քան մեր առջեւ գտնվող սմարթֆոնների այս փոքրիկ էկրաններն են: Միլիարդավոր մարդիկ ամբողջ օրը նայում են իրենց հեռախոսներին։ Ես հավատում եմ, որ եթե մենք ինտերնետը դարձնենք իրական աշխարհի նման կամ նույնիսկ կրկնօրինակենք իրական աշխարհը, ապա հնարավորություն կունենանք իրական աշխարհի բոլոր հիանալի երեւույթները եւ մեր փոխազդեցությունները փոխադրել վիրտուալ աշխարհ:
Կարծում եմ՝ սոցիալական ցանցերում հոգեբանորեն ինչ-որ բան կա, որը շատ անբնական է մեզ համար: Երբ դուք ինչ-որ բան եք հրապարակում սոցցանցերում, միլիոնավոր մարդիկ կարող են տեսնել այն, բայց դուք չեք ստանում իրական արձագանքներ, չեք տեսնում նրանց դեմքի արտահայտությունները: Մարդիկ ասում են բաներ, որոնք երբեք չեն ասի իրական աշխարհում:
Մենք պատրաստվում ենք հրավիրել իրական աշխարհի փորձագետների՝ մարդկանց, որոնք գիտեն, թե ինչպես կառուցել թանգարաններ, այգիներ, քաղաքներ եւ հրաշալի սոցիալական տարածքներ՝ այս վիրտուալ աշխարհն իրական ու ավելի հաճելի դարձնելու համար։
- ChatGPT-ի գործարկումը մեծ հետաքրքրություն է առաջացրել Գեներատիվ AI-ի նկատմամբ: Այն փոխակերպում է արդյունաբերությունն ու նոր հնարավորություններ ստեղծում: AI ինչպիսի՞ զարգացման հնարավորություն եք տեսնում Հայաստանում, ինչպե՞ս է NVIDIA-ն աջակցում դրա զարգացմանը մեր երկրում:- Հիմա բոլորը հասկանում են, որ AI-ը լուրջ է, ամեն ինչ փոխվել է։ Սա տեղի է ունեցել 1993 թվականին, երբ ծնվեց Web-ը։ Համացանցը գոյություն ուներ, պարզապես մարդիկ չէին հասկանում, թե ինչ է դա, մինչեւ դրա իրական կիրառությունը: Կարծում եմ, որ նույնը տեղի կունենա ChatGPT-ի հետ։ Երբ թողարկվեց GPT3-ը, տեխնոլոգիան գոյություն ուներ արդեն երեք տարի, բայց առաջին անգամն էր, որ կարողացանք հաղորդակցվել դրա հետ: Մենք հենց ակունքում ենք՝ հասկանալու, թե ինչպես է այն փոխելու ամեն ինչ։ Այս պահին շատ կարեւոր է սխալներ թույլ չտալը. մենք ստեղծել ենք ինտերնետն ՝առանց որեւէ գաղափարի, պլանի կամ առանց դրա մասին մտածելու: Այս անգամ մենք պետք է ավելի իմաստուն լինենք:
Ռեւ Լեբարեդյանը
photo © NVIDIA/Feminno 2023
Հայաստանը որոշակի մարտահրավերներ ունի, երբ խոսքը վերաբերում է AI-ին, մասնավորապես՝ Գեներատիվ AI-ին: Այս տեսակի առաջադեմ AI-ը պահանջում է շատ հաշվարկներ: AI-ի գլոբալ խաղում անհրաժեշտ է ունենալ սուպեր համակարգիչ՝ գործարան, որը կարող է արտադրել բանականություն: Նման համակարգիչ Հայաստանում դեռ չկա, եւ այն հասանելի չէ հետազոտողների, ընկերությունների եւ ստարտափների մեծ մասին։ Կարծում եմ՝ հնարավոր է նման համակարգիչ բերել այստեղ: Ես կցանկանայի տեսնել դա:
AI ոլորտը կարող է զարգանալ Հայաստանում, եթե հաջողվի, ապա հնարավորություն կունենա համեմատվել ավելի մեծ երկրների հետ։ Հայաստանը ստարտափ երկիր է, ուստի այն կարող է լինել ճկուն, կարող է կենտրոնանալ արհեստական ինտելեկտի այնպիսի հատվածների վրա, որտեղ բացեր կան: Խորհուրդ եմ տալիս Հայաստանի ողջ համայնքին փորձել գտնել այդ բացերը եւ կենտրոնացնել բոլոր ռեսուրսները դրանց վրա, որպեսզի համաշխարհային մակարդակում կարողանանք գերազանցել շատերին: Սկզբի համար, սակայն, պետք է ձեռք բերել սուպեր համակարգիչներ:
- Նախորդ անգամ, երբ մոտ մեկ տարի առաջ զրուցում էինք, այստեղ նոր էր բացվում NVIDIA-ի գրասենյակը, ակտիվորեն տաղանդներ էիք ներգրավում: Ինչպե՞ս է ընթանում գրասենյակի գործունեությունը:- Անցյալ տարի մենք հանդիպեցինք Թումոյում, երբ ստեղծվում էին ընթացակարգեր ավելի շատ տաղանդներ ներգրավելու համար: Ցավոք, այդ ժամանակ աշխատանքի ընդունման գլոբալ սառեցում ունեցանք ամբողջ ընկերությունում:
10:55 | 28.04.22 |
Ռեւ Լեբարեդյան. Հիմա Հայաստանը շատ ճիշտ վայր է NVIDIA-ի համար
Ներկայում հարյուրից ավելի աշխատակից ունենք NVIDIA Հայաստանում, չկարողացանք ընդլայնվել այնքան, որքան ցանկանում էի: Հիմա կրկին ակտիվացնում ենք աշխատանքի ընդունման գործընթացը, բացել ենք նոր հաստիքներ։
- Ի՞նչ կոնկրետ խնդիրներով են զբաղվում հայ փորձագետները։- Ինչպես մեր գրեթե բոլոր գրասենյակները, մենք մասնագիտացված չենք որոշակի առաջադրանքի մեջ: Երբ աշխատանքի ենք ընդունում որեւէ այլ գրասենյակում, դա իրականացվում է ըստ իրավիճակի։ Երբ կա տաղանդ, որն օգտակար է ինչ-որ բանում կամ ինչ-որ տեղ աշխարհում, մենք բաց ենք նրանց ներգրավելու առումով:
photo © NVIDIA/Feminno 2023
Այսպիսով, մեր HR մենեջերները տաղանդներին կարող են եւ պատրաստ են աշխատանքի ընդունել աշխարհի ցանկացած երկրում: Ունենք տարբեր շերտեր, որոնք ներկայացված են մեր գրասենյակում` AI, Omniverse, Թվային մարդիկ, Ռոբոտաշինություն, Համակարգչային պլատֆորմի գործիքներ, software եւ նույնիսկ որոշ հardware մշակումներ: Իրականում, հաճելի է, երբ ունես նման փոքր գրասենյակներ, որոնք ամբողջ ընկերության մասնաբաժինն են, քանի որ մարդիկ կարող են աշխատել միմյանց կողքին՝ հեշտությամբ փոխանակելով մտքերն ու գիտելիքները:
- Ի՞նչ բացեր կան հայկական տեխնոլոգիական էկոհամակարգում, ինչպե՞ս է NVIDIA-ն օգնում դրանք լրացնել:- Ամենամեծ մարտահրավերն այն է, որ ավագ մակարդակի տեխնոլոգիական տաղանդները շատ չեն: Կան մի քանիսը, բայց նրանք սովորաբար հիմնում են իրենց սեփական ընկերությունները, ինչը լավ է: Բուհերից դուրս են գալիս բազմաթիվ կրտսեր տաղանդներ, մենք ներդրումներ ենք կատարում նրանց մեջ: Ունենք պրակտիկայի ծրագրեր քոլեջի ուսանողների համար: Երկարաժամկետ հեռանկար ենք տեսնում. երբ աշխատանքի ենք ընդունում, հույս ունենք՝ NVIDIA-ում աշխատանքը կդառնա նրանց վերջին աշխատանքը:
Ռեւ Լեբարեդյանի հետ զրուցել է Նունե Գրիգորյանը