10:55 | 28.04.22 | Հարցազրույցներ | exclusive 59583

Ռեւ Լեբարեդյան. Հիմա Հայաստանը շատ ճիշտ վայր է NVIDIA-ի համար

Համաշխարհային բարձր տեխնոլոգիական առաջատար NVIDIA ընկերությունը Երեւանում գրասենյակ է բացում եւ այդ առիթով առաջին հանրային միջոցառում էր կազմակերպել Թումոյում:

1999-ին NVIDIA-ի GPU-ի գյուտը խթանեց համակարգչային խաղերի շուկայի աճը եւ վերաիմաստավորեց ժամանակակից համակարգչային գրաֆիկան: Ներկայում NVIDIA-ն հանդիսանում է բարձր արդյունավետությամբ հաշվողականության առաջատարը:

Itel.am-ը զրուցել է NVIDIA-ի Հայաստանի գրասենյակի ղեկավար, Omniverse-ի եւ սիմուլյացիոն տեխնոլոգիաների փոխնախագահ Ռեւ Լեբարեդյանի հետ։

NVIDIA Omniverse-ը իրական ժամանակի աշխարհի սիմուլյացիայի եւ 3D դիզայնի համատեղ հարթակ է։ Այն օգնում է ստեղծողներին, մշակողներին եւ ինժեներներին միասին աշխատել ընդհանուր վիրտուալ աշխարհում, ստեղծել ֆիզիկական արտադրանքների եւ կառուցվածքների թվային երկվորյակներ: Ընկերության Earth-2 սուպերհամակարգիչը, որը ստեղծվել է կլիմայի փոփոխության կանխատեսման համար, կօգտագործի Omniverse-ը Երկրի թվային երկվորյակ ստեղծելու համար:

- Ինչպե՞ս տարվեցիք տեխնոլոգիաներով։

-  Իմ կյանքում երկու հաջողակ իրադարձություն է տեղի ունեցել, որոնք ինձ ուղղորդել են այնտեղ, որտեղ հիմա եմ։

Երբ 6 տարեկան էի, հայրս գնեց իմ առաջին համակարգիչը։ Վաղ 1980-ականներին այն տարօրինակ երեւույթ էր, Միացյալ Նահանգներում տանը գրեթե ոչ մեկ համակարգիչ չուներ։ Իսկ հայրս ասում էր, որ համակարգիչները դառնալու են ամենակարեւոր բանը ու պետք է դրանք սովորել վաղ տարիքից։

photo © Թումո


Մի քանի տարի անց, երբ համակարգչային ամսագիր էի կարդում, մի նկար տեսա ու չհասկացա` լուսանկար էր, թե ձեռքով նկարած։ Նշվում էր, որ այդ նկարը ստեղծվել է համակարգչային ծրագրի կողմից՝ ալգորիթմներով։ Ու ես հասկացա, որ դա հենց այն է, ինչ անելու եմ ամբողջ կյանքում։ Միշտ ցանկանում էի ստեղծել պատկերներ։ Մայրիկիս բարեկամներից շատերը տաղանդավոր նկարիչներ էին, մայրս էլ է լավ նկարում, ինձ մոտ այդպես չէր ստացվում։ Բայց ես գիտեի համակարգչային ծրագրեր գրել ու կարող էի համատեղել այս երկուսը։

1993-ը առանցքային տարի էր Լոս Անջելեսում՝ հիմնադրվեց NVIDIA-ն, World Wide Web-ը ստեղծվեց, Jurassic Park-ը թողարկվեց, որը համակարգչային գրաֆիկան նոր մակարդակի հանեց։ Այդ տարի 18 տարեկան դարձա ու արդեն կարող էի աշխատել։ Աշխատանք ստացա Warner Brothers-ում։ Այնուհետեւ աշխատեցի Disney-ում, որտեղ ես մի ամբողջ համակարգի ռենդեր գրեցի, որի միջոցով ստեղծվելու էր գորիլայի մազածածկույթ: Այդ աշխատանքը Օսկարի նոմինացվեց։

photo © Թումո


Այնուհետեւ հիմնեցի Steamboat Software ընկերությունը, ստեղծեցի իմ սեփական ռենդերը, որը լիցենզավորեց։ Հետո NVIDIA-ն հրավիրեց ինձ։ Նրանք այդ ժամանակ նոր, գաղտնի տեխնոլոգիայի վրա էին աշխատում՝ նախատեսված չիպերի համար, որոնք վիդեո խաղերի համար էին օգտագործվելու։

Մտածում էի, որ մեկ տարի կաշխատեմ այս ընկերությունում, բայց հետո հասկացա, որ սա լավագույն վայրն է աշխարհում եւ մնացի ավելի քան 20 տարի։

- Ինչո՞ւ Հայաստան։  NVIDIA-ն ի՞նչ պլաններ ունի այստեղ։

- Երկու հիմնական պատճառ կա։ NVIDIA-ում ամենաարժեքավորը մարդիկ են։ Մենք նախաձեռնում ենք բաներ, որոնք անհնար են թվում ու դրանք դարձնում ենք իրականություն։ Դա անում ենք աշխարհի լավագույն մարդկանց հետ։ Բավարար չէ մեծ քանակով աշխատակիցներ ունենալ։ Մենք փնտրում ենք շատ նեղ մասնագիտացումներով մարդկանց համակարգչային գրաֆիկայի, սիմուլիացիաների եւ արհեստական բանականության ոլորտներում։

Հայաստանը հիմա շատ ճիշտ վայր է: Մենք տարբեր երկրներում գրասենյակներ ունենք, բայց հավատում եմ, որ Հայաստանը նույն մակարդակը կարող է ապահովել։

Մյուս պատճառը անձնական է՝ ես հայ եմ։ Իմ երազանքն էր այստեղ ավելի շատ ժամանակ անցկացնել, նաեւ օգնել Հայաստանին աճել այս ոլորտում։

- Հայկական ՏՏ ոլորտին, էկո-համակարգին ծանո՞թ եք։ Ի՞նչ միտումներ եք տեսնում այստեղ։

-2005-ից սկսած պարբերաբար այցելում եմ Հայաստան։ Սկզբնական շրջանում, երբ գալիս էի, մեծամասամբ outsource անող ընկերություններ էին։ Դա չէր կարող հետաքրքիր լինել NVIDIA-ի համար՝ մենք չենք փնտրում այնպիսի տեղեր, որտեղ ամեն ինչ պարզապես ավելի էժան է, մենք փնտրում ենք վայր, որոնք լավագույներն են։

Ուստի, ես սպասում էի, որպեսզի այստեղ բավականաչափ մարդիկ ու տաղանդներ լինեն, մեր գործունեությունը Հայաստանում հիմնավորված լինի։ Այն ժամանակ բազմաթիվ տաղանդներ հեռանում էին երկրից ու գնում Սիլիկոնյան հովիտ կամ Եվրոպա։

photo © Թումո


Վերջերս նկատեցի, որ նրանք վերադառնում են եւ ստեղծում են ստարտափներ։ Օրինակ՝ Krisp-ը: Դավիթ Բաղդասարյանը 7-8 տարի Սիլիկոնյան հովտում էր, բայց որոշեց ընկերություն հիմնել ու վերադարձավ Հայաստան։

Այս օրինակը տեսնում էի բազմաթիվ մարդկանց մոտ, ինչը վկայում էր, որ Հայաստանն արդեն պատրաստ է։

LinkedIn-ում հայտնեցի 93 թափուր հաստիքների մասին, 24 ժամվա ընթացքում բազմաթիվ նամակներ ստացանք աշխարհի տարբեր ծայրերից, նաեւ ոչ հայ մասնագետների կողմից, որոնք ցանկանում են գալ այստեղ ու աշխատել։ Նաեւ NVIDIA-ի նախկին աշխատակիցներ կան, որ դիմել են ու հետաքրքրված են Հայաստանում աշխատանքով։ Անկեղծ ասած, չէի սպասում։

- Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակներին, ո՞րն է հաջողության բանաձեւը։        

- Առաջին հերթին պետք է հետաքրքրասեր լինել, միշտ փորձել նոր բան սովորել, հարցեր տալ ու պատասխաններ գտնել։ Երկրորդը՝ շատ աշխատել, ժամանակ ու ջանք ներդնել գործի մեջ։ Եթե ավելի շատ զբաղվես քո գործով, մեծ առավելություն կունենաս։ Խելացի լինելը ու ներուժ ունենալը բավարար չէ, հարկավոր է ջանք ներդնել ու համադրել հետաքրքրասիրությունը ձեր առանձնահատկությունների հետ։

Ռեւ Լեբարեդյանի հետ զրուցել է Նունե Գրիգորյանը