17:33 | 25.04.22 | Հարցազրույցներ | exclusive 34144

Formula VC-ի «ֆորմուլան». 100 հազար օգտատեր կամ տարեկան 100 հազար հասույթ

Վենչուրային ինդուստրիան սկսել է ձեւավորվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ժորժ Դորիոտը համարվում է «վենչուրային կապիտալիզմի հայրը»։ Նա ամերիկացի ինժեներ Ռալֆ Ֆլանդերսի եւ Կառլ Քոմփթոնի (MIT-ի նախկին նախագահ) հետ միասին 1946 թվականին հիմնադրեց Ամերիկյան հետազոտությունների եւ զարգացման կորպորացիան՝ (ARDC) խրախուսելու մասնավոր հատվածի ներդրումները Երկրորդ համաշխարհային պատերազմից վերադարձած զինվորների ստեղծած ու ղեկավարվող բիզնեսներում։ Հայաստանում առաջին վենչուրային ֆոնդը ստեղծվել է 2013-ին։

iTel.am-ը սկսում է նոր շարք, որում ներկայացնելու ենք հայկական վենչուրային ֆոնդերը։

Formula VC-ին համահիմնադիրներ Գրիգոր Հովհաննիսյանը եւ Կարեն Վարդանյանը հիմնել են 2021-ին։

Ստեղծումը

Գրիգոր

2017-ից Հայաստանում առաջին հրեշտակ-ներդրողների ցանցը՝ BANA - Business Angel Network of Armenian-ն ստեղծեցինք։ Այդ ժամանակ Հայաստանում ներդրումներ անող կազմակերպությունների անհրաժեշտություն կար։

Գրիգոր Հովհաննիսյանը Գրիգոր Հովհաննիսյանը



Շատ արագ սկսեց զարգանալ ներդրումների մշակույթը, ցանցը, ընդհանուր ներդրումների ծավալը եւ 2018-ին հիմնեցինք Sprint ֆոնդը։

Կարեն

Sprint ֆոնդը հիմնեցինք քրաուդֆանդինգում ունեցած մեր փորձի արդյունքում ու նպատակային այն գրանցեցինք հենց Հայաստանում: Այն դարձավ հայկական ֆոնդ, որը ֆինանսավորում է ամբողջ աշխարհով։ Այդ ընթացքում ֆոնդաշինական բավականին գիտելիք կուտակվեց՝ աշխատանքի, գրանցման, կարգավորումների եւ այլ հարցերի վերաբերյալ։ Այդ ամենը հիմք ծառայեց Formula VC-ի ստեղծման համար:

Կարեն Վարդանյանը Կարեն Վարդանյանը



Ծրագրում էինք 2020-ին բացել, բայց COVID-19-ի եւ պատերազմի պատճառով հետաձգվեց։ Պատերազմից հետո որոշեցինք, որ ինչ էլ լինի, պետք է բացենք։

2021-ի հունվարի 19-ից ֆոնդը պաշտոնապես գոյություն ունի, իսկ բուն գործունեությունը ավելի ուշ սկսեցինք։

Առաջին ներդրումն ու պորտֆոլիոն

Գրիգոր

Առաջին ներդրումը 2021 թվականի մարտին CoinStats-ում կատարեցինք։

Երբ պլանավորում էինք ֆոնդը սկսել, նախատեսում էինք 5 տարվա ընթացքում տարեկան 3-5 ներդրում անել, բայց թեեւ մեկ տարին դեռ նոր է լրացել, արդեն
7 ներդրում ենք կատարել։

Գրիգոր Հովհաննիսյանը եւ Կարեն Վարդանյանը Գրիգոր Հովհաննիսյանը եւ Կարեն Վարդանյանը



Մեր պորտֆոլիոյի ստարտափներն են CoinStats-ը, Expper Technology-ին՝ Robin Robot-ով, Hexact-ը, Zoomerang-ը, WildLearner-ը, եւս 3 ընկերություն, որոնց մասին չենք բարձրաձայնում։

Այս տարի կարող է եւս 2-3 ներդրում ունենք, առայժմ բանակցությունների փուլում ենք։

Չափանիշները

Գրիգոր

Երկու հիմնական չափանիշով ենք առաջնորդվում. պետք է աշխատող ստարտափ լինի եւ ունենա կամ 100 հազար օգտատեր, կամ տարեկան 100 հազար դոլար հասույթ։

Առաջին հերթին հաշվի ենք առնում պրոդուկտը, թիմը ու հետո միայն ոլորտի, շուկայի մեծությունը, աճի հնարավորությունները։

Գրիգոր Հովհաննիսյանը Գրիգոր Հովհաննիսյանը



Այն ստարտափը, որը երկու տարվա ընթացքում 90% հավանականությամբ հինգ կամ նույնիսկ տասն անգամ աճելու հնարավորություն ունի, միեւնույն է, վենչուրային ֆոնդի համար հետաքրքիր չէ։ Հորիզոնում պետք է առնվազն 20-30 անգամ աճի հնարավորություն տեսնենք։

Մոդելը

Գրիգոր

Մենք մտնում ենք գործի մեջ, բայց ոչ թե խանգարելու, այլ օգնելու համար՝ գիտելիքով, կապերով, այլ ռեսուրսներով, որոնք երբեմն կարող են գումարից ավելի արժեքավոր լինել։



Ընկերության տնօրենների խորհրդի կազմում ընդգրկվելու պարտադիր պայման չենք դնում:

Կարեն

Առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ մինչեւ ներդրում կատարելն արդեն լավ ընկերացած ենք լինում համահիմնադիրների հետ։ Մարդկային հարաբերությունները շատ բարձր ենք գնահատում, որովհետեւ երկարաժամկետ գործունեության մեջ ենք մտնում բոլոր համահիմնադիրների հետ։

Ֆոնդը

Գրիգոր

Ֆոնդի ընդհանուր ծավալը որոշել ենք՝ ելնելով նրանից, թե 4 տարվա ընթացքում քանի ներդրում կարող ենք անել ու դրանց միջին չափը ինչպիսին պետք է լինի։
Մոդելավորելիս՝ 1 մլն դոլարից մինչեւ 20 մլն դոլար ենք հաշվել։



Ամեն ստարտափում միջինը 230 հազար դոլարի չափով ներդրում ենք կատարում։

Ամենահաջող ներդրումը

Կարեն

Ժամանակ է անհրաժեշտ իրական արդյունքները չափելու համար, բայց այս պահի դրությամբ բոլոր ընկերությունները, որոնցում ներդրում ենք կատարել, աճում են ըստ նախատեսվածի։ Կա ներդրում, որը մեկ տարվա ընթացքում արդեն տասն անգամ աճել է։

Մյուս VC-ների հետ հարաբերությունները
   
Գրիգոր

Մեր մոտեցումը բաց աշխատելն է։ Հայաստանում դեռ չկա որեւէ վենչուրային ֆոնդ, որը կարող է ինչ-որ ստարտափի մեծ ռաունդ միայնակ փակել։ Բոլորս պետք է միասին աշխատենք, որ զարգացնենք։ Վերջին տարիների թվերը ցույց են տալիս աճը ու ընդհանուր շուկան ենք մեծացնում։ Անիմաստ է իրար դեմ մրցելը։

Դժվարություններ, օրենսդրական բացեր

Կարեն

Մեր ֆոնդը Հայաստանում է գրանցված ու այստեղ օրենսդրական, հարկային, ընդհանուր վերահսկողական դաշտը շատ բարենպաստ է։

Կարեն Վարդանյանը Կարեն Վարդանյանը



Formula VC-ն նախագծված է արեւմտյան մոդելով, որով աշխատում են աշխարհի ամենահայտնի ֆոնդերը։ Նման նախադեպ Հայաստանում դեռ չկար, այդ պատճառով ծանոթության շրջանը Կենտրոնական բանկում երկար տեւեց։

Հետո տեղեկացանք, որ մեր նախադեպի հիման վրա այլ ֆոնդեր գրանցելիս գործընթացն ավելի արագ է ընթացքել։ Փաստացի ճանապարհը հարթել ենք նաեւ մյուս խաղացողների համար։

Գրիգոր

Ֆոնդի մասնակիցները 49-ից ավել չեն կարող լինել, սա է միակ սահմանափակող հանգամանքը, որը թույլ չի տալիս ավելի խոշոր ֆոնդեր ու ավելի շատ մարդկանց մասնակցություն ներգրավել։ Քննարկումներ են գնում այս մոտեցումը վերանայելու մասին։ Հուսանք, շուտով կփոխվի եւ ավելի հարմար դաշտ կստեղծվի։

Նունե Գրիգորյան