10:47 | 23.06.23 | Նորություններ | 1708
Team Telecom Armenia-ն պաշտոնական միջոցառմամբ ազդարարել է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) մեկնարկը։
Այս ռազմավարական որոշումը ընկերությանը թույլ է տալու ավելի մեծ ներդրումներ անելու ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, ամրապնդելու դերակատարումը շուկայում, խրախուսելու բաց եւ թափանցիկ գործելաոճը բիզնես ոլորտում:
8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն բաժնետոմսի տեղաբաշխումն իրականացնելու է Ամերիաբանկը։ Տեղաբաշխումից հետո Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը կցուցակվեն Հայաստանի արժեթղթերի բորսայում՝ ավելի ամրապնդելով ընկերության տեսանելիությունը եւ վարկանիշը:
«Առաջնային հրապարակային առաջարկը փաստում է, որ մենք նվիրված ենք թափանցիկ գործելաոճին, աճին ու հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը: IPO-ն ոչ միայն կուժեղացնի մեր ենթակառուցվածքները եւ ներկայությունը շուկայում, այլեւ հնարավորություն կտա ներդրողներին միանալ մեզ այս հետաքրքիր ճանապարհորդության ընթացքում: Հայաստանի տելեկոմ ոլորտի ապագան այսուհետ ձեւավորելու ենք Team-ի բաժնետերերի հետ միասին»,- ասել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը իր ելույթում անդրադարձել է քայլերին, որոնք նախարարությունը իրականացնում է կապիտալի շուկայի զարգացման ու ակտիվացման համար․
«Team Telecom Armenia-ի կողմից բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման գնալու փաստը շատ կարեւոր ազդակ է, որը ցույց է տալիս, որ կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ ձեւավորված էներգիան աստիճանաբար կապիտալացվում է։ Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը ներքին պետական պարտքի խորը եւ իրացվելի շուկայի ձեւավորման ուղղությամբ։ Մենք հանձնառու ենք այս գործընթացն իրականացնել այնպես, որ շարունակենք դրական ազդեցություն ունենալ կորպորատիվ շուկայի զարգացման գործում»։
«Ամերիաբանկի համար մեծ պատիվ է առանցքային դերակատարում ունենալ Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման գործընթացում, որն իրապես համարում ենք պատմական իրադարձություն հայկական կապիտալի շուկայի համար։ Կարող եմ փաստել, որ ձեւավորվում է ներդրողների բավականին դիվերսիֆիկացված եւ երկար ցանկ, ինչն ակտիվ երկրորդային շուկա ունենալու հիմնական գրավականն է»,- նշել է Ամերիաբանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը հասանելի են Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest հարթակում, որը ներդրողներին հնարավորություն է տալիս առցանց գնելու բաժնետոմսեր, մշտական հասանելիություն ունենալու ներդրումային պորտֆելին եւ վերջինիս վերաբերյալ ստանալու մանրամասն տեղեկություն։
Ներգրավված միջոցները Team Telecom Armenia-ն ուղղելու է Հայաստանի ողջ տարածքում օպտիկամանրաթելային NGN ցանցի ընդլայնմանը, 5G բջջային ցանցի գործարկմանը եւ միջազգային նոր կապուղիների ակտիվացմանը։ Աշխատելով թվային տեխնոլոգիաների ոլորտում՝ ընկերությունը նաեւ մեծ ուշադրություն է դարձնելու ժամանակակից թվային գործիքների ու լուծումների ներդրմանը եւ այլ հավակնոտ ծրագրերի իրականացմանը։