Նյու Յորքում մեկնարկել է Orion Summit 2023 ներդրումային գագաթնաժողովը: Միջոցառման առաջին օրը մասնակիցներն այցելել են Jacobs Technion-Cornell Institute at Cornell Tech համալսարան, քննարկումներ ունեցել նորարարությունների եւ ներդրումների մասին:
Ռուզվելտ կղզու առաջատար այս համալսարանում շրջայցը գլխավորել է Runway and Spinouts ծրագրի տնօրեն Ֆերնանդո Գոմես-Բաքուերոն: Նրա հետազոտությունները կենտրոնացած են էներգիայի պահպանման կիրառման համար առաջադեմ նանոնյութերի, նանոտեխնոլոգիաների տնտեսական ազդեցության եւ տեխնոլոգիական ձեռներեցության վրա: Jacobs-ը հիմնադրվել է Technion-Israel տեխնոլոգիական ինստիտուտի եւ ամերիկյան Cornell University-ի կողմից, որը 20-րդն է համալսարանների համաշխարհային վարկանիշում:
«Մենք բարձր ենք գնահատում կառավարության ջանքերը՝ ամրապնդելու Հայաստանի դիրքը որպես ներդրումային բարենպաստ ու հեռանկարային երկիր, ինչպես նաեւ խրախուսելու ներդրումները ստարտափներում եւ նորարարության մեջ: Մշտապես առաջարկներ ենք ներկայացնում կառավարությանը եւ մասնավոր հատվածին՝ հայաստանյան ներդրումային դաշտն առաջադեմ կարգավորումներին համահունչ զարգացնելու նպատակով»,- նշել է Orion Worldwide Innovations-ի հիմնադիր, Covenant Venture Capital-ի վենչուրային գործընկեր Էմմա Առաքելյանը:
«Կառավարության եւ առաջատար ընկերությունների մասնակցությունը գագաթնաժողովին՝ էականորեն կմեծացնի վենչուրային ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի ու հայկական ստարտափների նկատմամբ, կամրապնդի մեր դիրքը միջազգային ներդրումային ընկերությունների, վենչուրային ֆոնդերի ու հրեշտակ ներդրողների հետ աշխատանքում»,- նշել է Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը: