15:36 | 09.06.23 | Նորություններ | 7271
2023 թվականին Վիվա-ՄՏՍ-ը գրանցել է ֆիքսված ծառայությունների բաժանորդագրությունների թվի 25%, ամպային ծառայությունների օգտագործման 50% եւ բջջային B2B ծառայությունների 12% աճ:
Վիվա-ՄՏՍ-ի բիզնեսի տարբերակման (դիվերսիֆիկացման) ռազմավարությունն ապացուցել է իր կենսունակությունը, քանի որ այն օգնել է ապահովել ընկերության կայուն աճը: ՏՀՏ ոլորտում տարբերակումը առանցքային է արդյունավետ մրցակցության եւ զարգացման համար: Ընկերության որդեգրած առանցքային ուղղություններից է B2B (business-to-business) լուծումների եւ ծառայությունների մշակումը։ B2B-ն ապրանքների, ծառայությունների կամ տեղեկատվության փոխանակումն է ոչ թե ձեռնարկությունների եւ անհատ սպառողների (B2C), այլ ձեռնարկությունների միջեւ։
Այսպիսով, բացի բջջային ծառայություններից, ձայնային եւ տվյալների փոխանակման ծառայությունների վրա հիմնված լուծումներից, հավելվածներից եւ հաճախորդներին հարմարեցված ապրանքների/սակագնային պլանների եւ ծառայությունների լայն տեսականուց, ընկերությանը հաջողվել է կառուցել նաեւ համապարփակ B2B պորտֆոլիո՝ մտնելով շուկայի այնպիսի նոր սեգմենտներ, ինչպիսիք են ֆիքսված կապը, ամպային լուծումները, VoIP լուծումները եւ ստանդարտացված հավելվածների ծրագրավորման ինտերֆեյսի (API) մշակումը ընկերության գործընկեր-կազմակերպությունների համար։ B2B զարգացման ռազմավարությունը, ի թիվս այլ բաների, ներառում է գործառնությունների թվայնացում եւ լուծումների մոդուլյարացում:
Ընկերությունը շարունակաբար ուժեղացնում է իր ամպային ենթակառուցվածքը: Ամպային ենթակառուցվածքը ներառում է տարբեր ծառայություններ, այդ թվում՝ Ամպային (Cloud) եւ Համատեղակայման (Colocation) ծառայությունները, վիրտուալ ենթակառուցվածքը եւ Back-Up լուծումները՝ հիմնված ժամանակակից ծրագրային ապահովման եւ ապարատային տեխնոլոգիաների վրա:
Վիվա-ՄՏՍ-ը նաեւ ներկայացրել է ամպային հարթակ եւ ամպային ծառայություններ, ինչպիսիք են IaaS-ը, որն աշխատում է ինքնակառավարվող վիրտուալ ցանցի եւ հաշվողական ենթակառուցվածքի համար, «Veeam» պահուստավորումը եւ VPBX-ը:
Վիվա-ՄՏՍ-ը ներկայացրել է M2M/IoT ծառայությունները, ապահովում է DDOS պաշտպանություն եւ առաջարկում է PaaS եւ շատ ավելին: Ընկերությունը տեսնում է Cloud եւ համալիր լուծումների մեծ պահանջարկ փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) եւ փոքր գրասենյակների/տնային գրասենյակների (SOHOs) հատվածներում: Վիվա-ՄՏՍ-ն ունի ISO/IEC 27001 հավաստագիր, ինչը նշանակում է, որ ներքին գործընթացները լիովին համապատասխանում են ITSM պահանջներին, որոնք մեծ պահանջարկ ունեն ձեռնարկությունների կողմից:
Վիվա-ՄՏՍ-ն առաջինն էր Հայաստանում, որ ներկայացրել է ժամանակակից այնպիսի տեխնոլոգիաներ եւ լուծումներ, ինչպիսիք են 5G-ը եւ NB-IOT-ը:
2017 թվականից հետո, երբ Վիվա-ՄՏՍ-ը մտավ B2B (Business-to-Business) ֆիքսված կապի շուկա, ընկերությունն ակտիվորեն մեծացնում է իր ծառայությունների պորտֆոլիոն: Ներկայում ընկերությունը տրամադրում է ֆիքսված VoIP ծառայություններ, ֆիքսված լայնաշերտ ինտերնետ եւ տվյալների փոխանցում, ինչպես նաեւ միջազգային կապուղիներ: Վիվա-ՄՏՍ-ի կողմից լայնաշերտ ինտերնետ պրովայդեր «ADC»-ի ակտիվների ձեռքբերումը սեփական օպտիկամանրաթելային ցանցով եւ զգալի բաժանորդային բազա ունեցող տեխնոլոգիական հնարավորություններով, Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում ամենամեծ գործարքներից մեկն էր:
Արդյունքում Վիվա-ՄՏՍ-ը զգալիորեն ընդլայնել է իր հաճախորդների բազան, որն օգտագործում է լայնաշերտ ֆիքսված ինտերնետ եւ հարակից ծառայություններ, պետական եւ համայնքային կառույցներ:
Վիվա-ՄՏՍ-ը ստեղծել է իր սեփական օպտիկամանրաթելայի առանցքային ցանցը ողջ երկրում՝ ձգվելով Հայաստանի հյուսիսից դեպի հարավ: Բացի այդ, ընկերությունն ունի ընդարձակ ֆիքսված ցանցեր Հայաստանի 6 խոշոր քաղաքներում, ինչպես նաեւ ներկայացվածություն՝ մի շարք այլ քաղաքներում: Ընկերությունը սեփական կապուղիներով ինտերնետ է ներմուծում ներքին շուկայի կարիքների համար:
Տարեցտարի ամպային ծառայություններից օգտվողների թիվն ավելանում է։ Վիվա-ՄՏՍ-ը սկսել է ակտիվորեն զարգացնել նոր ապրանքներ եւ ծառայություններ՝ հիմնված ամպային ենթակառուցվածքի եւ վիրտուալ տարածության վրա, որոնք ամենապահանջվածն են կորպորատիվ հաճախորդների շրջանում: Վիվա-ՄՏՍ-ը ձգտում է զարգացնել եւ ներկայացնել ժամանակակից բիզնեսի համար անհրաժեշտ ծառայությունների ամբողջական շրջանակ՝ չսահմանափակվելով բջջային կապով եւ ֆիքսված կապով, այլեւ մատուցում արագ զարգացող ձեռնարկությունների համար անհրաժեշտ ՏՏ ծառայությունների եւ հարթակների շարք:
Ֆիքսված ինտերնետ կապը, որը հասանելի է Երեւանում եւ մի քանի տնտեսապես առավել ակտիվ մարզերում, արդիականացվել է՝ բավարարելու բարձր պահանջարկը: Վերջերս Վիվա-ՄՏՍ-ին հաջողվեց հնգապատկել իր ինտերնետի հզորությունը Վրաստանի հետ սահմանին, որպեսզի բավարարի ֆիքսված կապի ծառայությունների աճող պահանջարկը:
«Թվային փոխակերպման ճանապարհին Հայաստանի հեռահաղորդակցության շուկան գնալով ավելի մրցունակ է դառնում, եւ շուկայի բոլոր մասնակիցները ջանքեր են գործադրում՝ շուկայում ավելի մրցունակ լինելու համար։ Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանի բջջային կապի առաջատար օպերատոր է եւ բջջային ու թվային ծառայություններ մատուցելուց բացի, ձեռք է բերել հիմնական նոր կարողություններ եւ զգալի տարբերակում բիզնես ոլորտներում: Կարեւոր է նշել, որ տնտեսության բոլոր հատվածներն ու ոլորտները՝ փոքր բիզնեսից մինչեւ պետական մարմիններ եւ կորպորացիաներ հաջողությամբ աշխատում են մեզ հետ, մենք նաեւ մեր փորձն ու հմտություններն ենք բերում ազգային նախագծերին: Սա կայուն բիզնեսի, տնտեսության թվայնացման եւ ինչպես մեր հաճախորդների, այնպես էլ՝ պետության ապագա աճի երաշխիքն է», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։