16:21 | 05.05.23 | Նորություններ | 2126

Google-ը #WeArePlay արշավի շրջանակում ներկայացրել է հայկական Zoomerang-ը

Google ընկերությունը #WeArePlay արշավի շրջանակում ներկայացրել է հայկական Zoomerang ընկերությունը։

Արշավի նպատակն է ներկայացնել Google Play-ում հաջողված հավելվածների հիմնադիրների ու մշակողների պատմությունը։

«Ուրախ եմ կիսվել, որ Google-ն այսօր feature է արել Zoomerang-ն իրենց #WeArePlay արշավի շրջանակում: Այս արշավը նպատակ ունի ցուցադրել Google Play-ի լավագույն հավելվածների հետեւում կանգնած տարբեր երկրների մարդկանց պատմությունը: Լավ զգացողություն է, երբ գիտակցում ես, որ Zoomerang-ը այն քիչ նորարարություններից է, որի պատմությունը Google-ը որոշել է կիսվել բոլորի հետ:

Zoomerang-ի վրա ամեն օր աշխատելու իմ մոտիվացիաներից մեկն այն է, որ աշխարհում մարդիկ Zoomerang-ի օգնությամբ լսեն Հայաստանի մասին, իմանան այստեղ ապրող մարդկանց պատմություններն ու չմտածեն, որ Հայաստանը 3-րդ կարգի երկիր է»,- գրել է Zoomerang-ի համահիմնադիր Դավիթ Գրիգորյանը։

Google-ի անդրադարձում նշվում է, որ Դավիթի մայրը միշտ ասել է՝ նա ծրագրավորող է դառնալու: Նրա մյուս կիրքը երաժշտությունն է, ինչն էլ հանգեցրել է Zoomerang-ի ստեղծմանը:

«Իր երաժշտությունը առցանց համացանցում վերբեռնելուց հետո Դավիթը սահմանափակ դիտումներ է ունեցել, քանի որ նրա տեսահոլովակի խմբագրումը գրավիչ չէր: Այսպիսով, համահիմնադիրներ Արմանի եւ Հայկի հետ միասին նա ստեղծել է մի հարթակ, որտեղ բովանդակություն ստեղծողները կարող են խմբագրման ձեւանմուշներ ստանալ իրենց տեսանյութերի համար՝ հազարավոր մարդկանց թույլ տալով զարգացնել իրենց ապրանքանիշը եւ բազմազան դարձնել իրենց բովանդակությունը: Այժմ նրանք ցանկանում են դառնալ տեսանյութերի ձևանմուշների եւ սոցցանցային առաջատար հարթակ»,- ասվում է Google-ի անդրադարձում։

Նշենք, որ հավելվածն արդեն ունի 30 միլիոնից ավելի ներբեռնում, նաեւ ամսական 20 միլիոն տեսահոլովակ է ստեղծվում եւ շուրջ 200 հազար ստեղծողի կողմից՝ ավելի քան 10 միլիոն տեսանյութի ձեւանմուշ (video template):