12:11 | 24.11.22 | Նորություններ | 1902

Թումոն Հայաստան է բերում Rise միջազգային բարեգործական նախաձեռնությունը

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, համագործակցելով Schmidt Futures բարեգործական նախաձեռնության եւ Rhodes Trust կրթական բարեգործական ծրագրի հետ, հայտարարում է Rise Global Challenge 2023-ի դիմումների մեկնարկը հայ պատանիների համար։

Rise-ը համաշխարհային ծրագիր է, որը բացահայտում է 15-ից 17 տարեկան փայլուն երիտասարդների եւ աջակցում է նրանց ողջ կյանքի ընթացքում` հասարակության եւ մարդկության առջեւ դրված մարտահրավերները լուծելուն ուղղված նրանց նախագծերի իրագործման ճանապարհին։

Rise Challenge-ի շրջանակում Rise-ը տասնյակ հազարավոր դիմորդներից կընտրի 100 հաղթողի: Հաղթողներն օգտվում են Google-ի նախկին տնօրեն Էրիկ Շմիդտի եւ իր կնոջ` Վենդի Շմիդտի կողմից 1 միլիարդ դոլար արժողությամբ բարեգործական նվիրատվությունից, որը տրամադրում է համալսարանական կրթաթոշակներ, տեխնոլոգիական փաթեթներ, ամբողջությամբ ֆինանսավորվող հրավեր` Rise գագաթնաժողովին, մենտորություն, կարիերայի զարգացման հնարավորությունների հասանելիություն, սոցիալական ձեռնարկություն հիմնելու բյուջե եւ ավելին։

Rise-ը, համագործակցում է 30-ից ավելի համաշխարհային կազմակերպության հետ, այդ թվում` Թումոյի, Միացյալ համաշխարհային քոլեջների (UWC), Մանչեսթեր Յունայթեդ հիմնադրամի, Teach for All-ի, Amideast-ի եւ Լատինական Ամերիկայի Leadership Academy-ի հետ` ուսումնասիրելու աշխարհը, գտնելու փայլուն երիտասարդների, որոնք լի են ավելի լավ աշխարհ կառուցելու խանդավառությամբ:

«Rise-ը, որի առաքելությունն է տաղանդներ փնտրելն ու զարգացնելը, հպարտ է միավորվել Թումոյի հետ` Հայաստանի տարբեր անկյուններում ապրող տաղանդավոր երիտասարդների գտնելու եւ աջակցելու գործում: Մենք փնտրում ենք երիտասարդների, որոնք ունեն ներուժ` միասին ծառայելու մարդկությանն իրենց ամբողջ կյանքի ընթացքում»,- ասել է Rise-ի գործադիր տնօրեն Մարկ Գերմանը:

«Մենք ուրախ ենք համագործակցել Rise ծրագրի հետ` աջակցություն տրամադրելու այն սերնդին, որը կառուցելու է ավելի լավ աշխարհ։ Rise-ի միջոցով հայ պատանիները կարող են օգտվել բազմատեսակ ռեսուրսներից եւ հնարավորություններից: Ծրագրի շրջանակում փնտրում ենք 15-ից 17 տարեկան երիտասարդների, որոնք ցանկանում են ստեղծել հանրային նշանակություն ունեցող նախագիծ` լուծելու մարդկության առջեւ դրված խնդիրները եւ ձեռնոց նետելու գլոբալ մարտահրավերներին»,- նշել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը:

Իր ստեղծման օրվանից Rise-ն իր համայնք է ընդունել ավելի քան 150,000 մասնակցի 170-ից ավելի երկրից եւ ընտրել է 200 հաղթողի՝ 69 երկրից. հաղթողները հանդես են եկել ծրագրերով զանազան թեմաներով` կրթությունն ավելի մատչելի դարձնելուց մինչեւ գլոբալ տաքացումը մեղմելն ու քաղցկեղի առավել արդյունավետ հայտնաբերման գործիքներ մշակելը:

Rise-ի ծրագիրը միտված է խրախուսելու հասարակության ծանր խնդիրները լուծելու համար նորարարական լուծումներ տվող նախագծերը: Rise-ը բոլոր դիմորդներին, անկախ հաղթելու հանգամանքից, ներառում է իր գլոբալ ցանցում, տրամադրում է անվճար առցանց դասընթացներ եւ գործընկերների կողմից տրված հնարավորություններ:

Rise-ի բոլոր հաղթողները ստանում են հետեւյալ աջակցությունը.

•    Մասնակցություն գագաթնաժողովին. ամբողջությամբ ֆինանսավորվող, երեք շաբաթ տեւողությամբ գագաթնաժողով Rise Global Winner խմբի այլ անդամների հետ:
•    Համաշխարհային հաղթողների ցանց. հնարավորություն միանալ Rise Global Winners ցանցին եւ դրա միջոցով միավորվել միանման հետաքրքրություններ ունեցող անձանց հետ, ստանձնել գործնական պարտավորություններ, գործարկել ձեռնարկություններ եւ համագործակցություններ:
•    Խորհրդատվություն եւ մասնագիտական կողմնորոշման աջակցություն. խորհրդատվություն եւ աջակցություն համալսարան դիմելու եւ մասնագիտություն ընտրելու հարցում։
•    Ծրագրավորում. մասնագիտացված ծրագրերի, դասընթացների եւ այլ հնարավորությունների հասանելիություն Rise-ի գործընկերների միջոցով:
•    Բարձրագույն կրթության կրթաթոշակներ. չորս տարվա հետբուհական կրթաթոշակ ցանկացած հավատարմագրված համալսարանում՝ ներառյալ ուսման վարձը եւ կենսաթոշակը՝ հիմնված կարիքի եւ ֆինանսական օժանդակության առկայության վրա:
•    Տեխնոլոգիա. տեխնոլոգիական փաթեթ՝ օրինակ համակարգիչ կամ պլանշետ, որոնց տրամադրումը որոշվում է տարեկան կտրվածքով:
Rise-ի հաղթողները կարող են դիմել հետեւյալ արտոնությունների համար.
•    Գործընկերների ցանց. ծանոթացում պոտենցիալ գործընկերների հետ, միջնակարգ կրթության կրթաթոշակներ, պրակտիկաներ եւ այլ հնարավորություններ՝ Rise ցանցի մաս կազմող գործընկերներից:
•    Ֆինանսավորման հնարավորություններ. ֆինանսավորում՝ փորձարկելու նորարար գաղափարներ, որոնք կլուծեն տեղական համայնքների կամ ամբողջ աշխարհի հիմնային խնդիրները` սկսած սոցիալական ձեռնարկատիրության նախնական ներդրումից մինչ դրամաշնորհ շահույթ չհետապնդող ընկերություն հիմնելու համար:
•    Կրթության աջակցություն. կրթաթոշակային ծրագրեր մագիստրատուրա եւ ասպիրանտուրա անցնելու համար։

«Մենք նախատեսում ենք կազմակերպել առցանց եւ դեմառդեմ հանդիպումներ բոլոր հետաքրքրված թեկնածուների եւ նրանց ծնողների հետ: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի օգնենք նրանց հասկանալ եւ կողմնորոշվել դիմելու գործընթացում։ Մենք ցանկանում ենք, որ հայ երիտասարդները միանան Rise համայնքին եւ հասնեն իրենց առավելագույն ներուժին»,- նշել է Բեկոր Փափազյանը։

Առցանց հայտերը բաց են Rise կայքում եւ հասանելի մինչեւ 2023 թվականի հունվարի 25-ը, տեղական ժամանակով ժամը 20:59-ը:

Rise 2023-ը բաղկացած է երեք փուլից՝

•    Ներկայացում. Դիմորդները պատմում են իրենց մասին՝ տեսանյութերի միջոցով, ստեղծում են անհատական նախագիծ, որը ցույց է տալիս իրենց տաղանդը եւ օգուտ բերում իրենց համայնքներին, եւ, ի թիվս այլ գործողությունների, ուսումնասիրում են մյուս հայտատուների նախագծերը։
•    Հարցազրույց. Rise-ն ընտրում է մինչեւ 500 եզրափակիչ մասնակցի, որոնք անցնում են «Ֆինալիստների օրեր» փուլով, որտեղ էլ ցուցադրում են իրենց շարժառիթները, խնդիրներ լուծելու կարողությունները եւ թիմային աշխատանքի հմտությունները նորարարական հարցազրույցի ձեւաչափով:
•    Համաշխարհային հաղթողների ընտրություն. Եզրափակիչ փուլ անցած մասնակիցներից Rise-ն ընտրում է 100 հաղթողների, որոնք ամբողջ կյանքի ընթացքում ստանալու են աջակցություն՝ ծառայելու մարդկությանը: