16:11 | 25.10.22 | Նորություններ | 2264
Dsight վերլուծական հարթակի տվյալներով՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում հայկական ստարտափները 26 գործարքների արդյունքում միագումար ներգրավել են ավելի քան $1 միլիարդ։
Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի համար գրված սյունակում հարթակի հիմնադիր Արսենի Դաբբախը նշում է, որ դրանք Հայաստանում գրանցված կամ հայերի կողմից հիմնադրված և այլ երկրում գրանցված, բայց Հայաստանում գործող ընկերություններ են։
«Հայաստանը բաց է նորարարական բիզնեսի համար: Dsight-ի տվյալներով, որոնք մենք հավաքել ենք տեղական վենչուրային կապիտալի շուկայի ուսումնասիրության ընթացքում, երկրում կան միջազգային կորպորացիաների առնվազն 25 գրասենյակներ և շուրջ 18 նորարարական կենտրոններ, այդ թվում՝ Microsoft-ը, SAP-ը, Cisco-ն, Siemens-ը և այլն։ Միջազգային ճանաչում ունեցող երիտասարդ ընկերությունները, ինչպիսիք են EPAM-ը և Nvidia-ն, այստեղ իրենց շատ ազատ են զգում:
Ֆրեյզերի ինստիտուտի տնտեսական ազատության համաշխարհային վարկանիշում այս տարի Հայաստանը զբաղեցնում է բավականին պատվավոր 11-րդ տեղը՝ 165-ից: StartupBlink միջազգային հետազոտական կենտրոնը Հայաստանի ստարտափ էկոհամակարգը դասել է 16-րդ տեղում՝ Արևելյան Եվրոպայի 74 երկրների շարքում: Երևանը 244-րդն է աշխարհի 1000 ամենազարգացած ստարտափ էկոհամակարգերի ցանկում»,- գրում է Դաբբախը։
Այդուհանդերձ, ինչպես նշում է փորձագետը, Հայաստանում զգացվում է այն ներդրողների պակասը, ովքեր պատրաստ են ներդրումներ կատարել նախագծերում հետագա փուլերի ընթացքում, ինչպես նաև նրանք, ովքեր պատրաստ են, բացի գումարից, կիսվել փորձաքննությամբ ձեռներեցների հետ։
Արսենի Դաբբախի սյունակի ամբողջական տարբերակը հասանելի է այս հղումով։