17:51 | 24.08.22 | Նորություններ | 2957
Genesis Armenia ուղեղային կենտրոն/ հիմնադրամը եւ ֆրանսիական «Խելք» դպրոցը սեպտեմբերի 1-ից սկսում են 44-օրյա պատերազմի մասնակիցների համար նախատեսված՝ «Վերաինտեգրում կրթության միջոցով» ծրագրի կրթական փուլը։
Genesis Armenia-ից հայտնել են, որ ծրագրին դիմած մոտ 9 տասնյակ դիմորդից փուլային տարբերակով ընտրվել է 20-ը, որոնց հետ հանդիպել են Genesis Armenia-ի եւ «Խելք»-ի ներկայացուցիչները։
Ծրագրի տեւողությունը 6 ամիս է։ Այդ ընթացքում մասնակիցները ստանալու են ոչ միայն ՏՏ կրթություն, այլեւ հմտանալու են հաղորդակցության, կառավարման եւ թիմային աշխատանքում։
«Genesis Armenia-ն եւ «Խելք»-ը կիսում են մոտեցումը, որ պետության մտավոր ներուժը պետք է ծառայի Հայաստանին։ Մեզ միավորում է գործը, որի համար պատրաստ ենք մեր տղաներին ապահովել ամենաորակյալ մասնագետներով ու մասնագիտական արդի ծրագրերով»,- ասել է Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանը:
«Խելք» դպրոց/հիմնադրամի գործադիր տնօրեն Սեդա Պապոյանն էլ իր հերթին նշել է, որ ծրագրի նպատակը պատերազմին մասնակցած եւ հաշմանդամություն ձեռք բերած տղաներին կրթության միջոցով ինտեգրելն է հասարակությանը։
Ծրագրի ավարտին որակավորված 20 մասնագետ կմտնի ՏՏ աշխատաշուկա։