12:47 | 24.08.22 | Նորություններ | 2300

Երեխաների համար «Տիեզերական զրույցներ»՝ Team Telecom Armenia-ից ու STARMUS-ից

STARMUS փառատոնին ընդառաջ Team Telecom Armenia-ն Պլանետարիում Երեւանում անցկացրել է «Տիեզերական զրույցներ» միջոցառումը, որի շրջանակում դպրոցահասակ երեխաները հանդիպել են աստղաֆիզիկոս, STARMUS փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանին։

«Մենք միացել ենք STARMUS-ին գիտության, տեխնոլոգիաների ու արվեստի ուղղությունների զարգացմանն աջակցելու նպատակով։ Հաշվի առնելով, որ այս փառատոնի հիմնական մասնակիցները մեծահասակներն են, որոշեցինք կազմակերպել այնպիսի միջոցառում, որը կլինի հատուկ երեխաների համար եւ նրանց մոտ կառաջացնի հետաքրքրություն գիտության ու տիեզերքի հանդեպ»,- նշել է Team Telecom Armenia ընկերության կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը:

«Շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ երեխաներին աստղացուցարանում,
որովհետեւ դրանց շնորհիվ են նրանք հետագայում գալիս դեպի աստղագիտություն: Պլանետարիումի հայերեն համարժեքն Աստղացուցարանն է։ Սթարմուսն այդ առումով նման է աստղացուցարանի, մեր նպատակը նույնպես ոգեշնչելն է»,- ասել է Գարիկ Իսրաելյանը։

Team Telecom Armenia-ից հայտնել են, որ միջոցառման ընթացքում 80-ից ավելի երեխա լսել է Գարիկ Իսրայելյանի «Կյանքը տիեզերքում» թեմայով ելույթը, տվել իրենց հետաքրքրող հարցերն ու դիտել Արեգակնային համակարգի, մոլորակների եւ արբանյակների մասին պատմող «Երկրագնդից տիեզերք» ֆիլմը։

Միջոցառման ավարտին «Տիեզերք» խմբի անդամներն անցկացրել են մրցույթ, որի հաղթողները նվեր են ստացել «ՄՏԿ. Մարդու տունը տիեզերքում» գիրքը։

STARMUS VI-ը տեղի է ունենալու սեպտեմբերի 5-10-ը։ Փառատոնի ծրագրում նախատեսվում է համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, գիտական ճամբարներ, ինչպիսիք են՝ աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի, Queen խմբի համահիմնադիր, երաժիշտ, աստղաֆիզիկոս եւ լուսանկարիչ դոկտոր Բրայան Մեյի համերգները, STARMUS ճամբարը Ազատության հրապարակում, Աստղային լուսանկարչության դպրոցը եւ այլն։