13:26 | 27.07.22 | Նորություններ | 2085

Նուբար Աֆեյանը Երեւանում կայանալիք Գլոբալ ինովացիոն ֆորումի գլխավոր բանախոսն է

Հոկտեմբերի 5-6-ին կկայանա արդեն ավանդական դարձած Գլոբալ ինովացիոն ֆորումը (GIF)։ Այս տարի եւս FAST-ը գլխավոր բանախոսի կարգավիճակում կհյուրընկալի ականավոր գիտնական, գործարար եւ բարերար Նուբար Աֆեյանին։

GIF22-ի առանցքում եւս արհեստական բանականության (ԱԲ) թեման է։ FAST-ի կողմից կազմակերպող երկօրյա միջազգային ֆորումը յուրահատուկ հարթակ է տեղացի եւ համաշխարհային մակարդակի գիտնականների, գործարարների, կարծիքի առաջատարների հանդիպման եւ գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում առկա նորարարական մոտեցումներն ու մարտահրավերները քննարկելու համար։

Որպես գլխավոր բանախոս Նուբար Աֆեյանը հանդես կգա ապագայամետ ելույթով՝ միանալով իր կոլեգաներին ամբողջ աշխարհից՝ քննարկելու արհեստական բանականության բազմաոլորտ կիրառությունների ուղղությամբ Հայաստանի ներուժը։

photo © GIF


Հուլիսի սկզբին Նուբար Աֆեյանը Հայաստանում հանդիպել է իր թիմի հետ, հանդես եկել մոտիվացնող ելույթով եւ վերահաստատել իր աջակցությունը՝ FAST-ի առաքելության իրականացմանը։

«Եթե ստանձնել եք գիտությունը զարգացնելու հանձնառությունը, ապա պետք է իմանաք, որ դուք զինվորներ եք, ովքեր կառուցում են երկրի ապագան»,-ասել է Աֆեյանը։

Համաշխարհային ճանաչում ունեցող կենսատեխնոլոգիական «Մոդեռնա» ընկերության համահիմնադիրը FAST-ի թիմակիցների հետ անմիջական շփման միջավայրում պատմել է իր անցած ուղու, ընտանիքի՝ Լիբանանից Կանադա, ապա ԱՄՆ տեղափոխության, ինչպես նաեւ իր գիտական նվաճումների ճանապարհի մասին, որն ի վերջո հանգեցրել է համաշխարհային մակարդակի հաջողությունների։

«Երբ դուք համառորեն ձգտում եք ինչ-որ բանի, հետո այն փոփոխում ու հարմարեցնում եք ձեզ, ի վերջո, բեկում եք մտցնում։ Այդ ժամանակ դուք լիովին տիրապետում եք նոր իրավիճակին։ Ուղին, որն անցնում է ներգաղթյալն օտար երկրում ու դառնում այդ նոր իրականության մասնիկը, նույնն է, ինչ նորարարների անցած ճանապարհը»,- նշել է նա։

Ըստ Աֆեյանի՝ գիտության մեջ հնարավոր է հաջողության հասնել երեւակայական մտքի ու սեփական ուժերին հավատալու միջոցով։