12:45 | 27.07.22 | Նորություններ | 1645

Meta-ն ու Apple-ը մրցում են մետատիեզերքի ստեղծման համար․ Ցուկերբերգ

Մարկ Ցուկերբերգը կարծում է, որ Apple-ը եւ իր ընկերությունը գտնվում են «շատ խորը, փիլիսոփայական մրցակցության» մեջ՝ մետատիեզերքի ստեղծման եւ մշակման համար: Երկու տեխնոլոգիական հսկաները պատրաստ են վաճառել ընդլայնված եւ վիրտուալ իրականության սարքավորումներ:

Meta-ի գործադիր տնօրենն այս ամսվա սկզբին աշխատակիցներին հայտնել էր, որ նրանք մրցակցության մեջ են Apple-ի հետ՝ որոշելու, թե «որ ուղղությամբ պետք է գնա ինտերնետը», գրում է The Verge-ը։

Meta-ն իրեն կդիրքավորի որպես Apple-ի ավելի էժան այլընտրանք։ Ակնկալվում է, որ խնձորային ընկերությունն իր առաջին AR ականջակալը կներկայացնի այս տարվա վերջին:

Facebook ընկերության անվանումը Meta-ի վերաբրենդավորումից ի վեր Ցուկերբերգը առաջ է քաշում մետավերսի փոխգործունակության հայեցակարգը կամ այն, ինչ նա տեսնում է բջջային հեռախոսներից հետո սկսվող տեխնոլոգիական նոր փուլում:

Meta-ն վերջերս միացել է Metaverse Open Standards Group-ին Microsoft-ի, Epic Games-ի եւ այլ խոշոր ընկերությունների հետ: Գաղափարն է ստեղծել բաց պրոտոկոլներ, որոնք թույլ կտան մարդկանց հեշտությամբ կիրառել վիրտուալ ապրանքները՝ սուզվելով 3D աշխարհներում:

Apple-ը բացակայում է այս խմբից, ինչը Ցուկերբերգն անվանել է ոչ զարմանալի։ Apple-ը մշակում է ապարատային եւ ծրագրային ապահովում, որը լավ կինտեգրվի ու կաշխատի iPhone-ի հետ, սակայն Ցուկերբերգի կարծիքով՝ նախապես պարզ չէ՝ բաց, թե փակ էկոհամակարգն է ավելի լավը լինելու մետատիեզերքի համար: