ՀայՓոստը հուլիսի 20-ին գործարկել է ՀայՓոստ+ հավելվածը, որի շնորհիվ կթվայնացվեն ընկերության մի շարք փոստային գործառույթները:
ՀայՓոստ+ հավելվածով օգտատերերն առանց փոստ այցելելու կարող են օգտվել հետեւյալ ծառայություններից՝
• պետական կառույցների կողմից (այս պահին միայն ԴԱՀԿ-ի) ուղարկված ծանուցումների ստացում հեշտ եւ արագ,
• բեռնային համարի միջոցով առաքանու հետեւում եւ այն հետագա թարմացումներ ստանալու նպատակով պահպանում,
• փոստային հաշվիչներ,
• առանց հերթի մասնաճյուղ այցելելու համար հերթագրում,
• փոստային ծառայություններին ծանոթացում եւ այլն:
«ՀայՓոստ+ հավելվածի թողարկմամբ սահմանում ենք փոստային ծառայությունների մատուցման բոլորովին այլ մակարդակ՝ ավարտում ենք ծառայությունների թվայնացման գործընթացի կարեւորագույն փուլը, ինչը մեր ռազմավարության գլխավոր նպատակներից է: Հավելվածը մեր հաճախորդներին հնարավորություն կտա էլեկտրոնային իրավահավաստի նամակներ/հաղորդագրություններ փոխանակել՝ իրականացնելով բիզնես կամ այլ գործառույթներից բխող գործընթացները»,- նշել է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:
Հավելվածի տվյալների պահպանման համար օգտագործվել է բլոկչեյն տեխնոլոգիան, որն ապահովում է տվյալների անվտանգությունը։
ՀայՓոստ+ հավելվածի 1․0 տարբերակը հասանելի է AppStore-ում եւ GooglePlay-ում:
Հավելվածի հաջորդ՝ 2.0 տարբերակը կներկայացվի շուտով, որտեղ հասանելի կլինեն
• նամակների եւ առաքանիների օնլայն ձեւակերպման ծառայությունը,
• առաքիչի կանչը,
• հավելվածով ծանուցումներ ուղարկող կառույցների ավելի մեծ ցանկ: