15:42 | 20.07.22 | Նորություններ | 1592

Հիմնվել է Հայաստանի սպորտային ծրագրավորման ֆեդերացիա

Հիմնադրվել է Հայաստանի սպորտային ծրագրավորման ֆեդերացիան` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ:

Սպորտային ծրագրավորման ֆեդերացիայի նպատակն է Հայաստանում սպորտային ծրագրավորման զարգացումը, ծրագրավորման օլիմպիադաների դերի մեծացումը եւ մասսայականացումը, որը կնպաստի միջազգային մրցույթներում Հայաստանի դպրոցականների եւ ուսանողների արդյունքների բարելավմանը:

Նորաստեղծ ֆեդերացիան քայլեր կձեռնարկի Հայաստանի ամբողջ տարածքում ծրագրավորման մրցույթներ կազմակերպելու, օլիմպիական ծրագրավորմամբ հետաքրքրվող ուսանողների եւ դպրոցականների համար ուսումնական հավաքներ անցկացնելու ուղղությամբ:

Առաջնային խնդիրներից են մրցույթների համար ծրագրերի ապահովման նախագծումը եւ մշակումը, կայքերի պատրաստումը, ինչպես նաեւ սպորտային ծրագրավորման ուսումնական պլանների եւ ձեռնարկների պատրաստումը ու տպագրումը, ուսումնամեթոդական հետազոտությունների իրականացումը:

Ֆեդերացիան կաջակցի տարածաշրջանային, հանրապետական եւ միջազգային կապերի հաստատմանը եւ համագործակցության զարգացմանը` օժանդակելով Հայաստանի դպրոցականների եւ ուսանողների` ծրագրավորման միջազգային օլիմպիադաներին եւ հավաքներին մասնակցությանը:  
 
Հայաստանի սպորտային ծրագրավորման ֆեդերացիան կհամագործակցի պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային եւ օտարերկրյա համանման կազմակերպությունների, Հայաստանում գրանցված այլ կազմակերպությունների հետ իր առջեւ սահմանած նպատակներն իրականացնելու համար:

Կազմակերպության անդամ կարող է դառնալ 18 տարին լրացած, ՀՀ կամ օտարերկրյա ցանկացած քաղաքացի, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձ կամ իրավաբանական անձ, որն ընդունում է կազմակերպության կանոնադրությամբ սահմանված նպատակները եւ ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը: Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է կազմակերպության գործադիր մարմնին: Կազմակերպության անդամների համար անդամավճար չի սահմանվում: